ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

...

Բաղադրություն

  • Էմոցիայի շահարկում
  • Կեղծ պատճառահետևանքային կապ
  • Փաստերի անտեսում

 

 

2020 թվականի մարտի 16-ին` կորոնավիրուսյան համավարակի հետ պայմանավորված,  Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվեց։  Ազգային ժողովում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հիմնական զեկուցմամբ և հիմնավորեց արտակարգ դրության հաստատման անհրաժեշտությունը։  Նա նշեց, որ մարտի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 30 դեպք։ Վարչապետը արտակարգ դրության հայտարարման անհրաժեշտությունը հիմնավորեց օրենսդրական բացով։ Մասնավորապես նա նշեց «․․․Արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունը կապված էր հետևյալ հանգամանքի հետ. Մենք արդեն մի քանի օր ուսումնասիրում ենք արտակարգ  իրավիճակներում բնակչությանն աջակցություն ցույց տալու մասին ՀՀ օրենքը, և մեզ համար ակնհայտ էր, որ այդ օրենքը չի նախատեսել համաճարակային իրավիճակները...»։  Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արտակարգ դրությունը հնարավոր է, եթե կա սահմանադրական կարգին անմիջական սպառնալիք։ Տվյալ դեպքում քաղաքացիների առողջության, առողջության  պահպանման իրավունքը, ըստ նրա,  կարող է հայտնվել անպաշտպան վիճակում, և պետությունը պարտավոր է արտակարգ միջոցներ ձեռնարկել այդ իրավունքն ապահովելու համար։

Այնուհետև  մարտի 24-ին պարետի որոշմամբ  հայտարարվում է խիստ կարանտին, որով սահմանափակումներ են դրվում մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքի վրա։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշում է «․․․Ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են էֆեկտիվ,  և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմի անցնելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել  և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթան վերահայտնաբերել և կանխարգելել»։  Հունիսի 13-ին արդեն իսկ  չորրորդ անգամ երկարաձգվեց արտակարգ դրությունը և Արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը նշեց, որ այն պատճառները, որոնց հիման վրա արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակում են գոյություն ունենալ։  Հուլիսի 13-ին արտակարգ ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգվեց, և այդ ընթացքում, ըստ Նիկոլ Փաշինյանի,  կառավարությունը կփորձի  կատարելագործել արտակարգ դրության մասին ՀՀ օրենսդրությունը այնպես, որ արտակարգ դրության ռեժիմը վերացնելուց հետո կառավարությունը հակահամաճարակային քաղաքականություն վարելու որոշակի գործիքներ ունենա։

Արտակարգ դրության երկարաձգումների հետ կապված մի շարք քաղաքական և հանրային գործիչներ սկսեցին առաջ տանել մի քանի մանիպուլյատիվ, չհիմնավորված թեզ։

Ստորև Դետեկտորը ներկայացնում է դրանցից ամենատարածվածները։

Արտակարգ դրությունը երկարաձգվում է, որպեսզի հանրային դժգոհությունը չվերածվի հանրահավաքների

Նման հայտարարություններով են հանդես եկել ԲՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը,  Արման Աբովյանը,  ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՍԱՊԾ նախկին պետ  Գրիգոր Գրիգորյանը և այլոք։  Օրինակ, Է Շարմազանովը  նշում է «Սա բռնատիրական ռեժիմներին հատուկ գործելաոճ է, արտակարգ դրությունը երկարացվում է, որպեսզի լռեցնի մարդկանց ձայնը»:  Այնուամենայնիվ եթե հետևենք լրահոսին, ապա կարող ենք փաստել, որ արտակարգ դրության պայմաններում տեղի են ունեցել մի շարք հավաքներ օրինակ՝ հավաքներ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, բողոքի ակցիա բանկերի ու վարկային կազմակերպությունների սահմանած բարձր տոկոսադրույքների դեմ,  բողոքի ակցիա վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող քաղաքականության դեմ, բողոքի ակցիա տրանսպորտի բացակայության դեմ, Եվրամիության գրասենյակի դիմաց, դժգոհության ակցիա նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարումից, բողոքի ակցիա Վանաձորում Գլորիա կարի ֆաբրիկայի աշխատակիցների կողմից, Ամուլսարում,  Արարատի մարզում տրանսպորտի բացակայության դեմ և այլն։ Փաստորեն ստացվում է, որ չնայած այն հանգամանքին, որ հավաքները արգելված են, այնուամենայնիվ, Հայաստանում քաղաքացիները շարունակում են կազմակերպել և մասնակցել հավաքների, բողոքի ակցիաների։ Եվ չնայած՝ երբեմն Ոստիկանությունը միջամտել է եւ մասնակիցներից ոմանց բերման ենթարկել, այնուամենայնիվ,  պետությունը չի լռեցրել բողոքողների ձայնը։ Բացի դրանից, չկա հիմք պնդելու, որ ոչ արտակարգ դրության պայմաններում բողոքի գործողությունները կլինեին ավելի ուժգին, կամ որ Ոստիկանությունը այլ կերպ կարձագանքեր։  Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Է Շարմազանովի նշած բռնատիրական ռեժիմներում քաղաքացիներին  լռեցնում են բառի ուղիղ իմաստով և զրկում են նրանց ընդհանրապես որևէ ճանապարհով դժգոհություն հայտնելու հնարավորությունից։

 Եւ ուրեմն, Շարմազանովի եւ այլոց հայտարարություններն առ այն, որ արտակարգ դրությունը մտցվում է մարդկանց բողոքը ճնշելու համար, մանիպուլյացիոն հնարք են։

 Այս մանիպուլյացիան, ինչպես մանիպուլյացիների մեծ մասի դեպքում է լինում, մասամբ կառուցված է որոշակի իրական փաստերի, իսկ այս դեպքում՝ երկու հետեւյալ փաստի վրա՝ 1) հասարակության որոշ շերտերի մոտ տարբեր խնդիրների վերաբերյալ ռացիոնալ եւ ոչ ռացիոնալ բնույթի որոշակի դժգոհության առկայության եւ 2) բողոքի ցույցերի սահմանափակում ենթադրող կարգավիճակի հաստատման փաստի։  Հենց այս երկու փաստի շահարկման միջոցով է կառուցվում մանիպուլյացիոն այդ հնարքը, որը նպատակ ունի համոզելու հատկապես որոշակի դժգոհություններ ունեցող մարդկանց, որ արտակարգ դրությունը միակ հնարավորությունն է իշխող ուժի համար իշխանությունը պահպանելու։ Տվյալ մանիպուլյացիոն հնարքի էությունը հետեւյալն է՝  լեգիտիմ գործողությունը, որն ունի ուժային կոմպոնենտ (որոշ իրավունքների ժամանակավոր սահմանափակում հանուն հանրային առողջության պահպանման) ներկայացնել որպես գոյություն չունեցող մի երեւույթի (իբր հանրության մեծամասնությունը դժգոհ է կառավարող ուժից, եւ այդ դժգոհությունը հասել է կրիտիկական մակարդակի) ճնշմանն ուղղված ոչ լեգիտիմ գործողություն (ազատ խոսքի, բողոքի լռեցում):

 

       Արտակարգ դրությունը իմաստ ունի միայն խիստ կարանտին հայտարարելու դեպքում։  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշում է «․․․ինչի՞ համար է հայտարարված արտակարգ դրություն, եթե կարանտին չկա…»։

Հրանտ Բագրատյանն առաջ է տանում այն թեզը, որ արտակարգ դրությունը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե հայտարարվում է կարանտին, մինչդեռ կարանտինը արտակարգ դրության պայմաններում իրականցվող միջոցառումների մի շարք տեսակներից մեկն է, եւ բնավ պարտադիր չէ, որ բոլոր այդ տեսակները միաժամանակ կյանքի կոչվեն, կամ բոլորը գործարկվեն։ Արտակարգ դրությունը նաեւ անհրաժեշտ է մի շարք այլ (բազմամարդ հավաքների արգելում, դիմակների պարտադիր կրման ռեժիմի սահմանում, որոշ տնտեսական ակտորների գործունեության սահմանփակում և այլն) միջոցառումներ իրականացնելու համար: Այսինքն, ի դեմս Բագրատյանի այս թեզի, մենք գործ ունենք այնպսի մանիպուլյացիոն հնարքի հետ, երբ անտեսելով այն հանգամանքը, որ որեւէ կոնկրետ ինստիտուտի հաստատման (կոնկրետ այս դեպքում արտակարգ դրություն սահմանելու) համար կարող է գոյություն ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի առանձին պայման (այս դեպքում՝ ոչ միայն կարանտին հայտարարելու անհրաժեշտություն, այլ, օրինակ, դիմակ դնելու պարտադիրության սահմանում, հավաքներ անելու արգելքի սահմանում, տնտեսական օբյեկտների գործունեւության սահմանափուկմների մտցնում), եւ անտեսելով այն, որ կոնկրետ ինստիտուտի հաստատման համար պարտադիր չէ բոլոր պայմանների առկայությունը՝ Բագրատյանը պնդում է, որ այդ ինստիտուտի հաստատումը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ առկա է կոնկրետ մեկ պայման (այս դեպքում՝ կարանտինի ռեժիմի սահմանման անհրաժեշտություն):

 

Այսպիսով, Դետեկտորը գտնում է, որ մի շարք հանրային և քաղաքական գործիչներ, հաճախ անտեսելով արտակարգ դրություն հաստատելու մասին որոշման ռացիոնալ հիմնավորումները, արտակարգ դրության ահրաժեշտությունն ու արդյունավետությունը հիմնավոր փաստարկներով վիճարկելու փոխարեն նախընտրում են հանդես գալ մանիպուլյացիոն հայտարարություններով։ 

 

Զառա Սիմոնյան

30․07․2020