ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՑԵՔԱՐՏ ՉԷ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

...

Բաղադրություն

  • Ուրիշի կարծիքի խեղաթյուրում
  • Խեղաթյուրված կարծիքի շահարկում
  • Անհիմն մտահոգությունների շահարկում

 

 

ՀՀԿ փոխնախագահ Ա. Աշոտյանը սույն թվականի սեպտեմբերի 9-ին <<168 ժամ>>-ին տված հարցազրույցում ասաց հետևյալը. <<Ինձ մտահոգում է ուրիշ բան. երբ որ երկրիդ վարչապետը ելնում ասում է, որ մեր արտաքին քաղաքականության այցեքարտը ժողովրդավարությունն է՝ էդ մարդը առնվազն կյանքից, գլոբալ քաղաքականությունից մի 20 տարի հետ է մնացել: Էդ թեզերը գլոբալ քաղաքականության մեջ կարող էին մի տեղ վաճառվել, առաջխաղացում ունենալ մի 20-25 տարի առաջ: Այսօրվա աշխարհը շատ ավելի պրագմատիկ է, շատ ավելի ցինիկ է և շատ ավելի սեփական շահը գերադասող է: Տեսե’ք, էդ, որ ասում ենք մեր այցեքարտը ժողովրդավարությունն է, ու՞մ համար ենք ասում: Չինացիների վեջը չի էդպիսի բաները, ռուսների վեջն էլ չի էսպիսի լոլոները: Եվրոպացիների վեջն էլ չի այլևս: Որովհետև անգամ Մակրոնը իր վերջին ինտերվյուներից մեկում ասաց, որ ժողովրդավարությունը դեգրադացվել է, կապիտալիզմն էլ՝ հետը: Տրամպի վեջը չի ու վեջը չի՝ ընդհանրապես: Որովհետև հունիս ամսին Տրամպը գնաց Լեհաստան, Վարշավայում պրեսկոնֆերանս էր, Տրամպը ֆռռաց ասաց բառացի. <<Ես թքած ունեմ (կներեք բառիս համար, ցիտում եմ Տրամպին)  Լեհաստանում ժողովրդավարության մակարդակի վրա>>: /2:25-4:24/

 Նույն միտքն Աշոտյանն արտահայտել է այլ հարցազրույցներում և մենախոսություններում ևս: Ժողովրդավարությունն իբրև այցեքարտ հեգնել են նաև այլ հանրապետականներ (տես` օրինակ): Նկատենք, որ Աշոտյանն իր հարցազրույցը տվել է ՄԱԿ-ի 74-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի՝ ԱՄՆ այցելությունից առաջ:

Դետեկտորի կարծիքով, Ա. Աշոտյանը միտումնավոր նվազեցնում է Հայաստանի՝ արտաքին քաղաքականության մեջ իբրև ժողովրդավարական երկիր ներկայանալու կարևորությունը, և դա անում է միջազգային հարաբերությունների որոշ կարևոր կետեր շրջանցելու, ինչպես նաև՝ ժողովրդավարության մասին արևմտյան մի շարք առաջնորդների արտահայտած կարծիքները խեղաթյուրելու և շահարկելու միջոցով:

Նախ՝ Է. Մաքրոնի և Դ. Թրամփի՝ մեջբերված մտքերի մասին:

Այո, Է. Մաքրոնը Բրեքզիթի հերթական ճգնաժամից հետո և Մեծ Յոթնյակի հերթական գագաթաժողովից (այս տարվա օգոստոսի 22-ին) առաջ ֆրանսիացի գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ժողովրդավարությունը և կապիտալիզմը դեգրադացվել են, որ անհրաժեշտ է վերանայել հարաբերությունների համաշխարհային համակարգը: Բայց դա ամենևին չի նշանակում, որ Մաքրոնը մերժում է ժողովրդավարությունը՝ ինչպես փորձում է ներկայացնել Աշոտյանը: Ավելին, սույն տարվա մարտի սկզբին Եվրոպայի վերածննդի մասին իր ուղերձում Մաքրոնն առաջարկում է ստեղծել Ժողովրդավարությունների պաշտպանության եվրոպական գործակալություն: Նույն ուղերձում  նաև ասում է. <<Մեր ազատությունը ժողովրդավարական ազատությունն է, մեր առաջնորդներին ընտրելու ազատությունը, քանի որ արտաքին ուժերը ձգտում են ազդել մեր ընտրության վրա>>:

Նկատենք, որ ժողովրդավարության դեգրադացիայի մասին մտահոգությունները նոր չեն: Տակավին 1970-ականներին, այն արևմտյան քաղաքական դիսկուրսի առանցքային խնդիրներից էր: Այդ դիսկուրսի ծավալման ամենահայտնի կոչնակներից մեկը՝ 1975թ Եռակողմ հանձնաժողովի պատվերով՝ Ս. Հանդինգթոնի, Մ. Քրոզյեի և Դ. Վատանուկիի համահեղինակությամբ՝ <<Ժողովրդավարության ճգնաժամը>> զեկույցի[i] պատրաստումն էր, որին արձագանքեցին արևմտյան հեղինակավոր այլ մտավորականներ (Յ. Հաբերմաս[ii], Ն. Լուման[iii], Կ. Քրոուչ[iv] և ուրիշներ): Սակայն 1990-ականների սկզբներին ԽՍՀՄ և Վարշավյան պակտի երկրների մեծ մասում ամբողջատիրական ռեժիմների տապալումը և ժողովրդավարական քաղաքական մոդելների ընտրությունը կրկին արդիականացրին ժողովրդավարության կարևորությունը և ցույց տվեցին, որ քաղաքական մոդելի արդյունավետության առումով՝ այն այլընտրանք չունի:

Ինչ վերաբերում է Թրամփի՝ լեհ լրագրողին տված պատասխանի մեջբերմանը Աշոտյանի կողմից, ապա դրա խեղաթյուրված լիելուն անդրադարձել ենք մեր պատրաստած մի տեսանյութում: Այստեղ կրկին նշենք, որ Աշոտյանը հղել է ոչ թե անգլերենից արված թարգմանությունը (տես 56:55 րոպեից)[v], այլ ծայրահեղ հակաամերիկյան ուղղվածություն ունեցող ռուսական էլ.կայքի (EurAsia Daily) կողմից նենգափոխված տարբերակը: Իրականում, Թրամփը բառացի պատասխանել է. <<Դա ինձ չի վերաբերում: Ես նախագահին լավ գիտեմ: Ես Լեհաստանի ժողովրդին ու ղեկավարությանը լավ գիտեմ: Նրանք չեն ցանկանում (ժողովրդավարությունից-ՆՄ) նահանջել: Նրանք չեն նահանջի>> (տես` 13:03-13:35):

  ԽՍՀՄ փլուզումից հետո արևմտյան երկրների հետ համագործակցելու, արևմտյան քաղաքական,  տնտեսական կառույցներին  ինտեգրվելու կարևոր պայմաններից են եղել անցումային երկրների կողմից ժողովրդավարական քաղաքական համակարգի ընտրությունը, քաղաքական ինստիտուտների շարունակական ժողովրդավարացումը և ժողովրդավարական բարեփոխումների անցկացումը: Այդ նպատակով, զարգացած ժողովրդավարությունները մինչ օրս շարունակում են հսկայական ֆինանսական, խորհրդատվական և քաղաքական աջակցություն ցույց տալ անցումային երկրներին, տարբեր հարցումների և վարկանիշային վերլուծությունների միջոցով խրախուսել այդ ուղղությամբ գործընթացները: Այլ կերպ ասած՝ ժողովրդավարությունը Արևմուտքի առաջատար երկրներում համարվում է միջազգային հարաբերություններում ամենաներկայանալի փաստարկներից մեկը, և բոլորովին տարօրինակ չէ, որ Փաշինյանը՝ որպես ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված ղեկավար, Արևմուտքի հետ հարաբերություններում ներկայանում է ժողովրդավարական երկրի այցեքարտով:

Փորձելով հիմնավորել իր հեգնանքը <<ժողովրդավության այցեքարտի>> վերաբերյալ՝ Ա. Աշոտյանը վերոհիշյալ հարցազրույցում խոսում է Ուկրաինայում ու Վրաստանում ժողովրդավարական ընտրությունների արդյունքում իշխանությունների ձևավորմանը հաջորդած տարածքային կորուստների մասին (տես՝ 5:48-6:35)՝ անուղղակի ակնարկելով, որ նման հեռանկար կարող է սպառնալ նաև Հայաստանին: Այդ մտահոգությունը, սակայն, նույնպես բավարար հիմնավորված չէ և շահարկման նպատակ ունի: Այստեղ <<արտաքին քաղաքականության>> խնդիրների մեջ մասնագիտացած, նախորդ գումարման ԱԺ-ում արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար եղած Ա. Աշոտյանը մոռացության է տալիս այն հանգամանքը, որ Վրաստանի պարագայում՝ մինչև Մ. Սահակաշվիլու իշխանության գալը, ՌԴ-ն փաստացի իր քաղաքական հովանավորության տակ էր վերցրել Աբխազիան: Իսկ Վրաստանի նոր իշխանությունների փորձը՝ դուրս բերել այդ տարածքը ՌԴ ազդեցության գոտուց ձախողվեց՝ վերջինիս կողմից բռնի և անհավասար ուժ կիրառելու արդյունքում: Նշենք նաև, որ մինչ Վարդերի հեղափոխությունը նույնպես, Վրաստանի արտաքին քաղաքականությունը որոշակիորեն վերահսկվում էր ռուսական իշխանությունների կողմից: Եվ հեղափոխության ամենակարևոր արդյունքը հենց այդ վերահսկողությունից ազատվելն ու  Վրաստանի տարածքից ռուսական զինուժի դուրս բերումն էր:

Մոտավորապես նույն տրամաբանությամբ ծավալվեցին Ուկրաինում տեղի ունեցող իրադարձությունները: Կրկին ռուսական քաղաքական ազդեցությունից ձերբազատում և ռուսական զորքերի հեռացում. սակայն Ղրիմը, որը մինչ <<նարնջագույնների>> հեղափոխությունը ռուսական զինված ուժերի ազդեցության գոտում էր, անջատվեց Ուկրաինայից: Անջատվեցին նաև ռուսներով բնակեցված այլ տարածքներ, որոնք նախկինում Ռուսաստանն օգտագործում էր  իբրև Ուկրաինայի իշխանությունների վրա քաղաքական ազդեցության գործիք,  ինչը  հեղափոխությունից  հետո  ընդամենը բացահայտ բնույթ ընդունեց:    

 Նկարագրվածի համատեքստում հիշեցնենք, որ մինչ Թավշյա հեղափոխությունը  Հայաստանի իշխանությունները, մեծ հաշվով, արտաքին քաղաքականության մեջ չեն ապահովել իդեալական երաշխիքներ՝ տարածքային կորուստներից խուսափելու համար: Ապրիլյան պատերազմում ունեցած կորուստները դրա խոսուն վկայությունն են: Ընդ որում, <<ստրատեգիական դաշնակից>> կոչված գերտերությունը՝  Ռուսաստանը, որից եկող սպառնալիքն է հենց ակնարկում Ա. Աշոտյանը, Հայաստանի նախորդ ավտորիտար իշխանությունների օրոք զենք էր վաճառում Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանին: Այն նույն ավտորիտար իշխանությունների օրոք, որոնք ևս, միջազգային և եվրոպական բարձր ամբիոններից սիրում էին խոսել Հայաստանի <<ժողովրդավարական>> ձեռքբերումներից: Այսինքն, ՀՀԿ-ական իշխանությունները նույնպես, ժողովրդավարությունը դիտարկում էին իբրև Արևմուտքի հետ հարաբերվելու այցեքարտ:

    Հետևապես, ինչո՞ւ են Ա. Աշոտյանը և մյուս հանրապետականներն այսօր հեգնում ժողովրդավարության գործոնը՝ արտաքին հարաբերություններում առավել ներկայանալի լինելու գործընթացում: Իհարկե, կարելի է բավարարվել նշելով, որ սա ընդամենը ներկայիս իշխանություններին քննադատելու, նրանց ամեն գնով վարկաբեկելու  հերթական առիթն է:  Սակայն կարծում ենք, որ Աշոտյանը և ընկերները շատ ավելի հեռուն գնացող հաշվարկներ են արել: Նոր իշխանությունների կատարյալ վարկաբեկումն անհնար է՝ առանց ժողովրդավարության վարկաբեկման, որովհետև նոր իշխանությունների լեգիտիմությունը հիմնված է հենց ժողովրդավարական արժեքային ընկալումների վրա: Սրա մասին են վկայում անցած մեկուկես տարում Թավշյա հեղափոխության իսկությունը կասկածի տակ դնող, 2018թ. ԱԺ ընտրությունների ժողովրդավարական բնույթը հերքող, ժողովրդի իշխանությունը որպես օխլոկրատիա ներկայացնող՝ ՀՀԿ-ականների հետևողական և պարբերական հայտարարությունները: Ուստի, ժողովրդավարության լրիվ հեղինակազրկումը՝ ըստ ՀՀԿ-ականների հաշվարկների, կարող է հանգեցնել իշխանության թուլացմանը, ինչը կհեշտացնի արտահերթ ընտրությունների անցկացումը, որի մասին, ի դեպ, նրանք վերջերս ավելի հաճախ են խոսում:

 

Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան

11.10.2019

 



[i] Crozier M., Huntington S., Watanuki J. The Crisis of Democracy: Report on the Governability of

Democracies to the Trilateral Commission. New York: New York University Press, 1975.

[ii] Habermas J. Legitimation Crisis. Boston: Beacon Press, 1975.

[iii] Луман Н. Реальность массмедиа. М.: Праксис, 2005.

[iv] Крауч К. Постдемократия. М.: Издательский дом Государственного университета — Выс-

шей школы экономики, 2010.