Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշել էր. «(…)Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով էստեղ (ցույց է տալիս գլուխը-խմբ) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի: Տար ամեն օր 100 հազար դոլար տուր»։
ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրել է, որ վարչապետի այս պնդումը կոնտեքստից դուրս դիտարկելու դեպքում (իսկ մամուլում շատ հաճախ հենց այդպես էլ արվել է), կարող է տպավորություն ստեղծվել, թե նա խուսափում է աղքատության կրճատման և աղքատության չափերի համար քաղաքական ու բարոյական պատասխանատվություն կրելուց: Բացի այդ, որքան էլ վարչապետի խոսքերը օբյեկտիվ հիմք ունենան, բնակչության սոցիալական պաշտպանվածությունը պետության ուղղակի պարտականությունն է, և պետության ղեկավարի գործառույթը չէ աղքատութան սուբյեկտիվ պատճառների վերլուծությունը:
Մեր հիմնավորումները
ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը համարվում է սոցիալական պետություն։
Ժամանակակից սահմանադրական իրավունքում սոցիալական պետությունը սոցիալական պաշտպանվածության ինստիտուցիոնալ քաղաքականություն (օրինակ՝ օրենքներ ընդունելու միջոցով) մշակող, նախաձեռնող, իրականացնող պետությունն է։
Այն, ի տարբերություն, այսպես կոչված, «գիշերային պահակի» դեր ստանձնած պետության, որը նախապատվությունը տալիս է բացառապես անհատական ազատության լիբերալիստական սկզբունքի կիրառմանը, միջամտում է հասարակության սոցիալ-տնտեսական կյանքին՝ հանրային համերաշխության և հանրային բարեկեցության որոշակի մակարդակ ապահովելու համար։
Սոցիալական պետության գաղափարը նյութականացված է ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներում։ Այսպես, Սահմանադրության 11-րդ հոդվածը բովանդակում է. «Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը»: Այս հոդվածով նախատեսված սահմանադրական իրավադրույթի տրամաբանության շրջանակներում, Սահամանդրության հիմնական իրավունքների համակարգում ներառված են նաև սոցիալական ապահովության (83-րդ հոդված) և արժանապատիվ գոյության իրավունքները (84-րդ հոդված):
Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ հիմնական իրավունքների հասցեատերը (այդ թվում՝ սոցիալական ապահովության և արժանապատիվ գոյության իրավունքների), երաշխավորողն ու պաշտպանողը, նաև այդ իրավունքներով կաշկանդվողը պետությունն է։ Հետևապես, սոցիալական ապահովության և արժանապատիվ գոյության իրավունքները պետք է երաշխավորվեն ու պաշտպանվեն հանրային իշխանության կողմից։
Ուստի՝ եթե առանձին դիտարկենք վարչապետ Փաշինյանի՝ «(…) Չի կարող մարդը, ով էստեղ [ցույց է տալիս գլուխը] աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի» պնդումը, ապա պետք է փաստենք, որ այն չի տեղավորվում «սոցիալական պետության» սահմանադրական իրավամտածողության շրջանակներում։
Իհարկե, մենք ելնում ենք այն ողջամիտ կանխավարկածից, որ վարչապետը չի կարող չտիրապետել սոցիալական պետության հղացքին և չի կարող չիմանալ պետության պարտականությունները: Դետեկտորը գտնում է, որ Փաշինյանի այս խոսքերը հավանաբար ուղղված են մարդկանց ակտիվությունը քաջալերելուն: Վարչապետը, տեսնելով հանրության լայն շերտերի իներտ և կրավորական կեցվածքը, փորձում է այդ կերպ իր մեծ հեղինակությունը և լեգիտիմությունը ծառայեցնել այդպիսի մտածողությունը փոխելուն: Սակայն վարչապետը «հոգևոր հայր» չէ, որ բարոյականության, ճիշտ կյանքի դասեր տա իր սպասավորներին, ոչ էլ «մոտիվացնող մարզիչ», որ խրախուսի իր մարզիկին՝ լարել բոլոր ուժերը՝ հաղթելու մրցամարտում, և ոչ էլ «վաճառքի գծով մենեջեր» է, որը դրդում է աշխատակիցներին՝ գնալ և բոլորից շատ վաճառել «իքս» ապրանքը: Այլ կերպ ասած՝ վարչապետի գործը չէ «հոգևոր հոր» դիրքերից աղքատության մեջ լինելու համար մեղադրել այլոց «գլուխը», քանի որ նա՝ որպես հանրային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ, ունի էթիկական և քաղաքական պարտականություն՝ կրճատել աղքատության ծավալները և չհաջողելու դեպքում կրել դրա համար բարոյաքաղաքական պատասխանատվություն։ Այսինքն, եթե նույնիսկ մարդը իսկապես ջանք չի գործադրում դուրս գալ աղքատության ճիրաններից, միևնույն է՝ սոցիալական պետության կոնցեպտին համաձայն, պետությունը պետք է հանի նրան այդ վիճակից: Այլ հարց է, իհարկե, որ պետությունը պետք է խրախուսի կառուցողական ակտիվությունը, բայց դա պետք է արվի խրախուսող կոնկրետ ծրագրեր առաջարկելու միջոցով:
Վարչապետ Փաշինյանը նախկինում՝ ընդդիմադիր գործունեության ընթացքում, իրավացիորեն աղքատության ծավալների և քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների առկայության համար քննադատել է նախկին քաղաքական իշխանություններին: Եվ հիմա, լինելով հանրային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ, առավել քան երբևէ, պետք է հստակ խոսի աղքատության խնդրի և դրա լուծման համար պետության պատասխանատվության մասին:
ԴԵՏԵԿՏՈՐԸ գտնում է, որ հանրային իշխանության ներկայացուցչի կողմից հանրային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող դատողությունները պետք է բխեն սահմանադրաիրավական դրույթների և նորմերի տրամաբանությունից, որպեսզի տարաբնույթ, այդ թվում՝ մանիպուլյատիվ մեկնաբանությունների տեղիք չտան։
Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան
08-03-2019