ԴԱՎԱԴՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՎԻԴԸ

...

Բաղադրություն

  • Էմոցիայի շահարկում
  • Անհիմն պնդում և ապատեղեկատվություն

  Նախորդ հոդվածում քննարկել էինք դիմակներ դնելու կառավարության որոշման դեմ որոշակի շրջանակների հակաքարոզչության պատճառներն ու քաղաքական թաքնված նպատակները, որոնք հաջողությամբ քողարկվել էին  «բժիշկ» դրական կոննոտացիա ունեցող բառի և «բժշկի» մասնագիտության վերաբերյալ հեղինակության հետևում։

 Այս հոդվածում կխոսենք ինֆոդեմիայի մեկ այլ դրսևորման, Covid-19-ի՝ որպես կեղծ պանդեմիայի կամ պանդեմիան՝ որպես համաշխարհային դավադրության արար լինելու, 5G աշտարակների և դրանց վերաբերյալ տարածվող կեղծ ու մանիպուլատիվ նյութերի, դրանց տարածման, ազդեցությունների և հետևանքների մասին։

 

ԱՄՆ-ում աշխատող, բժիշկ Նարեկ Վերանյանն իր ֆեյսբուքյան օգտահաշվում ահազանգել էր, որ պանդեմիայի այս օրերին ԿՈՎԻԴ-ի հետ կապված հայության նկատմամբ լայնամաշտաբ ինֆորմացիոն դիվերսիա է իրականացվում։ Բժշկի մտահոգության պատճառն այն էր, որ այս օրերին Հայաստանից ինֆորմացիոն դաշտ են մտնում այնպիսի ակնհայտ վտանգավոր բովանդակությամբ հեռուստա-ռադիոհաղորդումներ, որոնք վտանգավոր են ոչ միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության, այլև ամբողջ աշխարհի հայության համար, քանի որ այդ հաղորդումները դիտվում են ամբողջ հայախոս աշխարհում։  

Բժշկի ահազանգը ամրապնդելու եկան այն բազմաթիվ պատմություններն առ այն, թե ինչպես մարդիկ, չհավատալով վիրուսի գոյությանը, վարակվել ու հայտնվել են վերակենդանացման բաժանմունքներում, ինչպես են իրենց անզգուշության պատճառով վարակել ռիսկային խմբի մարդկանց ու դարձել նրանց մահվան պատճառը։ Սակայն խմբերը, որոնց նպատակն է ամեն գնով հարվածել կառավարությանն ու հատկապես առողջապահության նախարարությանը, կանգ չառան, ավելին պատմվող ու վերապատմվող միֆերը շարունակում են շրջանառվել նոր ու ավելի սարսափազդու սցենարներով։

 

Առողջապահական ոլորտի վերաբերյալ դավադրության տեսությունները նորություն չեն կամ հատուկ չեն միայն ԿՈՎԻԴ-19 վիրուսով հարուցած պանդեմիային։ Պատվաստումների՝ որպես մարդկության դեմ կազմակերպված դավադրության և մարդկանց պոպուլացիան մոլորակի վրա կրճատելու թեզը, սկիզբ է առել դեռ նախորդ դարի 80-ականներից և կատարելագործվելով հասել մեր օրեր։ Հենց այս տեսության համակիրներն էլ, տեսության փիլիսոփայության համաձայն, մեղադրեցին «Մայքրոսոֆտ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին այն բանում, թե վերջինս պլանավորել է կորոնավիրուսը և դրանով պայմանավորված պանդեմիան`  մարդկանց չիպավորելու և այդ կերպ աշխարհը կառավարելու համար։  

Թյուբինգենի համալսարանի մշակույթի և գրականության պատմության պրոֆեսոր Միխայել Բութթերը, որը դավադրությունների տեսության ոլորտի առաջատար փորձագետ է, Deutsche Welle-ին տված  հարցազրույցում ասում է, որ   երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, խարանման/ստիգմատիզացիայի ճանապարհով միայն հնարավոր դարձավ կանխել հանրության կլանումը դավադրության տեսությունների կողմից և այն մղվեց լուսանցք։ Սակայն Արևելյան Եվրոպայի և Իսլամական աշխարհի երկրներում այն դեռ շարունակում է կենսունակ մնալ։ 

Հայկական մամուլում և ֆեյսբուքյան տիրույթում դավադրության տեսության ջատագովներից շատերը նույն ակտիվությամբ հակագիտական տեքստեր էին տարածում և շարունակում են տարածել կարմրուկի և մարդու պապիլոմա վիրուսի դեմ կատարվող պատվաստանյութերի դեմ։ Ստորեւ կվերլուծենք կովիդի հետ կապված դավադրապաշտական տեքստերի տարածման մի քանի հայաստանյան օրինակներ.

Սույն թվականի հունիսի 13-ին Գոհար Ջրբաշյանը, դիմելով հայախոս լսարանին, գրում է  «Դավադրությունների տեսություն․․․ էէէէ․․․ՊՐԱԿՏԻԿԱ, պարոնայք և տիկնայք, ՊՐԱԿՏԻԿԱ․․ Գեյթսի կողմից ֆինանսավորվող պատվաստուկների Gavi դաշինքը MasterCard-ի հետ գործընկերությամբ,  Արևմտյան Աֆրիկայում գործարկվելու է կենսաչափական ինքնության նոր պլատֆորմ, որը համատեղելու է COVID-19 պատվաստումները, անկանխիկ վճարումները և իրավական հնարավոր հարկադրանքի ծրագրեր»:

 Սակայն, երբ աչքի եք անցկացնում հոդվածը, ապա չենք հանդիպում ոչ մի հարկադրանքի և կամ արտառոց որևէ իրավիճակի, սակայն տիկինը, օգտվելով այն հանգամանքից, որ իր լսարանի հիմնական մասը չի կարդում անգլերեն, իսկ անգլերեն կարդացող լսարանից էլ հիմնական մասը չի գնա հղումով ու չի կատարի փաստերի ստուգում, անգլիալեզու հոդվածները տեղադրում է կեղծ մեկնաբանությամբ կամ, մեջբերելով այս կամ այն անհատի կամ կազմակերպության փսևդոգիտական հրապարակումները, փորձում է իր «դիրքորոշումը» առաջ տանելու համար մոլորեցնել լսարանին։ Օրինակ՝ ապրիլի 18-ի մեկ այլ գրառմամբ Գոհար Ջրբաշյանը  «բացառիկ հարցազրույց Dr. Rashid Butter-ի հետ» մեկնաբանությամբ հրապարակում է Ռաշիդ Բութերի հետ հարցազրուցը, որտեղ Բութերը խոսում է  «կեղծ պանդեմիայի» և դրա հեռահար նպատակների մասին: Հատկանշական է, որ «բացառիկ հարցազրույցի»  հեղինակ Ռաշիդ Բութերի մասնակցությամբ նյութերի վրա մայիսի 14-ին YouTube-ը տեղադրում է  «կեղծ» կամ  «չճշտված լուր»  պիտակը՝ պոտենցիալ դիտողին զգուշացնելով նյութի բովանդակության մանիպուլյատիվ լինելու մասին։ 

Սրան զուգահեռ հայկական մեդիան և սոցիալական ցանցերը շարունակվում են հեղեղվել հանրային առողջությունը վնասող քաղաքական բնույթի հակաքարոզչություն՝ համեմված դավադրապաշտական թեզերով ու տեսանյութերով։ 

Մարինա Խաչատրյանի և այլ բժիշկ-մանիպուլյատորների ինֆորմացիայի հիմնական մասի աղբյուրը ռուսական մեդիան է և խոսուն է նաև այն հանգամանքը, որ նրանք որեւէ անդրադարձ չեն կատարում Ռուսաստանում արդեն կլինիկական երրորդ փուլում փորձարկվող Կովիդի-19-ի դեմ հայտնաբերված պատվաստանյութի  և այն ԱՊՀ երկրների վրա վաճառելու հարկադրանքի մասին։ Փոխարենը մարդուն պատվաստանյութի միջոցով չիպավորելու, ապա և կառավարելու մասին կամ Բիլ Գեյթսի ֆինանսական աջակցությամբ և պատվաստանյութի միջոցով մոլորակի բնակչության թվի կրճատման մասին քարոզչական նյութերի պակաս վերը նշված անձանց սոցիալական կայքերում, և ապա նրանց մեկնաբանությունները արտատպող կայքերում, չի նկատվում։

Gazeta.ru կայքից Մարինա Խաչատրյանը մայիսի 28-ին հրապարակում է «Իլոն Մասկը մտնում է մարդկանց գլուխներ» վերտառությամբ մի հոդված և գրում, որ  ինքը թույլ չի տալու նրանց հարձակումը հայ ազգի վրա։  Հայ ազգի «փրկչի ու առաքյալի» դերի ստանձմամբ ու հայ ժողովրդի վտանգի տակ լինելու շղարշի տակ տիկին նյարդավիրաբույժը փորձում է ստվերել ռացիոնալ այն հարցը, թե եթե Իլոն Մասկը մարդկանց կառավարելու, չիպավորելու նպատակ ունի, ապա ինչո՞ւ է այդ մասին հրապարակավ հայտարարություններ անում։

 

Ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա Արման Նոամ Չոմսկին՝ խոսելով մանիպուլյացիաների մասին հաճախ է շեշտադրում մարդկանց, խմբերի զգացմունքների և ոչ երբեք բանականության վրա բանեցվող ազդեցությունը։  Ըստ նրա՝ զգացմունքների վրա ազդելու միջոցը դասական քայլ է՝ ուղղված մարդկանց ռացիոնալ դատելու դատողություններ անելու  և առհասարակ քննադատական մտքի արգելափակմանը։ Մյուս կողմից էմոցիոնալ ֆակտորը թույլ է տալիս բացել ենթագիտակցական տանող դուռն ու այնտեղ ներմուծել մտքեր, ցանկություններ, վախեր, վարքային կայուն դրսևորումներ։

 Հենց մանիպուլյացիոն այս գործիքի կիրառմամբ էլ մեր հերոսները տարածում են օտարալեզու աղբյուրներից նյութեր կեղծ վերացարկման պատրանք ստեղծելով և թվացյալ անաչառ աղբյուրի վկայակոչմամբ՝ նրանք փորձում են ցույց տալ, թե իրենք միակը չեն, որ թերահավատ են կամ որ բացահայտել են համաշխարհային դավադրությունը։  

 Որպես մանիպուլյատիվ գործիք մեր հերոսները ազատորեն գործածում են էմոցիոնալ մեծ լիցքեր պարունակող բառեր,  ինչպիսիք են՝ «երեխայի առողջություն», «հայրենիք», «ազատություն», «մեծ փողեր» և այլն։ Այս մանիպուլյատիվ գործիքի կիրառմամբ փորձ է արվում կոնկրետ իրողության կամ գործողության նկատմամաբ առաջացնել հանրության անվստահությունը կամ անհատի մեղքի զգացումը։ Այս առումով առանձնացնենք «չգնաս թեստավորման, քանի որ թեստի միջոցով քեզ չիպավորելու են» կամ «թույլ չտաք ձեզ պատվաստել, այդ կերպ դուք վտանգում եք ձեր և ձեր երեխաների առողջությունը» մանիպուլյատիվ կոչերը։ Սա թերևս ամենավտանգավոր ու ազդեցիկ հնարքներից է, քանի որ չունենալով բավարար բժշկագիտական ինֆորմացիա ներարկվող դեղամիջոցի բաղադրության, արտադրման պայմանների և ազդեցության մասին, ամենասթափ մտածող մարդն անգամ կարող է երկմտել։ Արդյունքում, եթե նրանց հաջողվի մեծ թվով մարդկանց ստիպել երկմտել ու կասկածել կառավարության գործողությունները, ապա հնարավոր կդառնա երկմտած խմբերին, իսկ ավելի ուշ գուցե նաև ավելի լայն զանգվածներին ծառայեցնել իրենց նեղ անձնական կամ նեղ քաղաքական շահերին: 

Արփի Մախսուդյան

02-09-2020