ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԹԵԶԻ ՇՈՒՐՋ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ

...

Բաղադրություն

  • Իշխանության թևերի անկախության թեզի շուրջ մանիպուլյացիաներ

 

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը նկատելի դարձրեց դատական իշխանության մեջ առկա ճգնաժամի որոշ առանձնահատկություններ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է դատական իշխանության ժողովրդավարացման խնդրին: Դատավարությունը հասարակության որոշակի շրջանակներում կասկածներ է առաջացնում դատական համակարգի անկախության վերաբերյալ, հնչում են կարծիքներ, որ այն դեռևս տարանջատված չէ նախորդ իշխանություններից: Դատարանի անկախության ու անաչառության մասին կասկածները խորացան մայիսի 20-ին վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումից հետո, երբ փոխվեց 2008թ. մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, և ԼՂՀ ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ և երաշխավորությամբ՝ նա ազատ արձակվեց կալանքից: Ավելին, առանց դատական նիստ հրավիրելու և տուժող կողմին ու դատախազությանը տեղյակ պահելու, դատարանը որոշում կայացրեց կասեցնել Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը որոշելու նպատակով: Տուժող կողմի շահերը ներկայացնող՝ ներկայումս արդեն Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, մայիսի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով գործը ՍԴ ուղարկելու հարցին, նշեց. «Դատարանը մինչ այդ (նկատի ունի մայիսի 20-ին կայացված որոշումը) խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելիս, ըստ էության՝ պետական հարկադրանքի միջոց գործադրելիս, որևէ կասկածի տակ չի առել, որ նման խնդիրներ կան, թեկուզև երկուսն էլ հավասարապես վերաբերում էին դրան: Ինչ որ բան է տեղի ունեցել կալանքի վերաբերյալ որոշման և կասեցման որոշման արանքում: Շատ կարևոր մի բան է տեղի ունեցել»: Այնուհետև ասում է, որ դատարանն իր որոշումը կայացրել և գործողությունները կազմակերպել է այնպես, որ զրկի տուժողներին այն բողոքարկելու հնարավորությունից: Այս փաստն անուղղակիորեն խոսում է դատարանի կողմնապահության մասին՝ ի վնաս տուժողների և հօգուտ մեղադրյալ կողմի: «Սա սովորական դատավարական սխալ չէ: Դատարանը շատ տարօրինակ շտապողականությամբ այս գործը վերցրել ուղարկել է Սահմանադրական դատարան: Ես չեմ հավատում, որ այս դատավորը տեղյակ չէ: Ես ուզում եմ մի նախապատմություն հիշեցնել՝ 2008 թվականի մարտի 1: Որևէ մեկի մտքով չէր անցնի բանակն օգտագործել ներքաղաքական գործընթացներում, արդյունքում վիժեցնել մի ողջ ընտրական գործընթաց, եթե նա նախապես չիմանար, թե Սահմանադրական դատարանի որոշումը ինչ է լինելու», - նշում է Վահե Գրիգորյանը: Իսկ «Ազատություն» հեռուստաընկերությանը տված մեկ այլ հարցազրույցում, նա դատարանի արարքը որակում է արտաքին թելադրանքի տակ կազմակերպված գործողություն: Այսինքն, ՀՀ դատաիրավական համակարգին քաջածանոթ այնպիսի մի մասնագետ, ինչպիսին Վահե Գրիգորյանն է, ով ներկայացնում էր տուժող կողմի շահերը, իր խոսքում հստակ կասկած է հնչեցնում մի կողմից՝ գործը վարող դատարանի և Սահմանադրական դատարանի, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի միջև հնարավոր ստվերային կապերի, Ռոբերտ Քոչարյանի թիմից՝ դատարանի կախվածության և Քոչարյանի իշխանության օրոք դատարանի վրա վերջինիս ունեցած անմիջական ազդեցության մասին: Ավելին, նա ակնարկում է Քոչարյանի թիմի, վերաքննիչ դատարանի դատավորների ու Սահմանադրական դատարանի միջև ներքին համագործակցությամբ՝ դատավարության սցենար կազմելու հնարավորության մասին, ինչը նշանակում է, որ Հայաստանի այսօրվա դատական համակարգի անկախությունն ընդհանրապես, և Ռոբերտ Քոչարյանի կլանից նրա անկախությունը մասնավորապես՝ դեռևս խիստ կասկածելի են: Բնութագրական է նաև այն, որ Ռ. Քոչարյանի վարքագիծը դատարանի հանդեպ գնահատվում է ագրեսիվ ու սպառնալից: Դրա համար հիմք են ծառայել գործը վարող դատավոր Ա.Դանիելյանին ուղղված՝ Ռ. Քոչարյանի խոսքերը, թե այս գործից լավ հոտ չի գալիս, և որ դրա մեջ մնալու պարագայում՝ շատ խիստ պատասխանատվության է ենթարկվելու։ «Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս»,- հորդորեց նա: Գործը վարող դատախազ Գևորգ Բաղդասարյանը Ռ. Քոչարյանի այդ խոսքը գնահատեց որպես սպառնալիք դատարանի հասցեին. «Մենք լսել ենք ուղիղ, ըստ էության՝ սպառնալիքի նմանվող ձևակերպումներ՝ այս գործից հեռու մնալու, այս գործի հեռանկարների ու արդյունքում՝ պատասխանատվության չենթարկվելու հեռանկարից հեռու մնալու մասին: Մենք գտնում ենք, որ դատավորը պետք է անկախ լինի, չենթարկվի այդպիսի ճնշումներին, այդպիսի ձեևակերպումներին ու կայացնի օբյեկտիվ որոշում»: Նման կարծիք հնչեցրեց նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հույս հայտնելով, որ դատավորը կդիմակայի և չի ենթարկվի իր հանդեպ ցուցաբերվող ճնշումներին: Դատավարության ընթացքում Ռ.Քոչարյանի ցուցադրական անհարգալից վերաբերմունքը դատավորի, ՀՀ գլխավոր դատախազի հանդեպ, դատավորի հասցեին սպառնալիք պարունակող ակնարկները և վերջապես՝ նման ծանր մեղադրանքի պարագայում դատավորների որոշմամբ խափանման միջոցի փոփոխությունը և գործը կասկածելի հանգամանքներում հապշտապ ՍԴ ուղարկելը լուրջ կասկածներ են հարուցում դատական համակարգի անկախության վերաբերյալ: Նախկին բռնատիրական համակարգի հենասյուներից մեկի՝ Ռ.Քոչարյանի դատավարության շուրջ ընթացող քննարկումներում բազմիցս նշվել է, որ չնայած ավելի քան տասը տարի է անցել նրա նախագահության շրջանից, բայց դատարանի վրա նրա ազդեցության իներցիան զգացվում է նույնիսկ այսօր, և դատական համակարգը դեռևս դժվար է անվանել անկախ մարմին: Այս առումով, ուշագրավ է խորհրադարանական ընդդիմությունը ներկայացնող՝ ԼՀ կուսակցության ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ օրերս ունեցած ելույթը: Լինելով նախկին համակարգի օրոք հետապնդումների ենթարկված գործիչներից մեկը և քաջատեղյակ լինելով, թե այդ ամենն ինչպես է իրականացվել՝ նա նշում է. «Այս Ազգային ժողովի, մեր բոլորի պարտականությունն է ավելի քան քսան տարի առաջ մեր երկրում բույն դրած քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող դատական իշխանություն կոչված կամ կոչվող որջը վերադարձնել ժողովրդին և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի դատական իշխանությունն անշրջելիորեն իր բոլոր դատական ակտերն ու որոշումները բխեցնի միայն ժողովրդի իշխանությունից և հռչակի բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության»: Հնչած  կարծիքներում ուշադրություն է գրավում նաև փաստաբան Արայիկ Պապիկյանի այն միտքը, որ Հայաստանում դատական իշխանություն մենք չենք ունեցել այն իմաստով, որ երբեք էլ այն չի ծառայել ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը: Այդ հիմնավորմամբ նա գործածում է «դատական անիշխանություն» եզրը և կարծիք հայտնում, , որ նման դեպքում ժողովուրդն իրավունք ունի դատական անիշխանությունը վերացնելու և իշխանությունն իրեն վերադարձնելու նպատակով դուրս գալ փողոց և իրականացնել բողոքի միջոցառումներ: Իշխանության երեք թևերն, ըստ ՀՀ Սահմանադրության, պետք է անկախ լինեն մեկը մյուսից: Սակայն, ՀՀ Սահմանադրության ավելի հիմնարար կարևորության դրույթներից է այն, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այսինքն՝ իշխանության երեք թևերի տարանջատվածությունը կարևոր է դառնում այն դեպքում, եթե իշխանության երեք թևերն էլ պատկանում են ժողովրդին: Եթե իշխանության թևերից մեկը չի պատկանում ժողովրդին, դեռ ավելին՝ պատկանում է հակաժողովրդավարական ավտորիտար նախկին համակարգին, ապա պնդումը, թե իշխանության դատական թևի վրա ճնշում գործադրելը՝ այն ժողովրդին վերադարձնելու նպատակով, սահմանադրական կարգի խախտում է, ու այդ առթիվ մեղադրանք ներկայացնելը ՀՀ նախագահին, թե նա՝ որպես երկրի գլուխ, չի կատարել սահմանադրական կարգին հետևելու իր պարտականությունը, ոչ միայն մանիպուլյատիվ է, այլև՝ վտանգավոր: Մանիպուլյատիվ է այն պատճառով, որ փորձ է արվում ՀՀ Սահմանադրության՝ իշխանությունը ժողովրդին պատկանելու վերաբերյալ ավելի կարևոր և հիմնարար հոդվածը ստորադասել իշխանության երեք թևերի տարանջատման ու անկախության խնդրին: Այո, իշխանության թևերը պետք է անկախ լինեն մեկը մյուսից, սակայն նրանք անկախ չեն կարող լինել ժողովրդից: Եվ եթե իշխանության դատական թևի գործողությունները կասկած են հարուցում այն առումով, թե արդյոք դրանք ծառայեցվում են ժողովրդին ու շարունակում են մնալ ժողովրդի հանդեպ ռեժիմի պարագլուխների իշխանության իրացման գործիք, ապա իշխանության թևերի անկախության մեկնաբանությունը ստանում է մանիպուլյատիվ բնույթ, քանի որ խնդիրը ներկայացվում է հատվածական մեկնաբանությամբ՝ փորձելով  մատուցել որպես ամփոփ ու ամբողջական բացատրություն, մյուս կողմից՝ միտումնավոր կերպով անտեսվում և չի մեջբերվում իշխանությունը ժողովրդին պատկանելու դրույթը: Ի դեպ, ՀՀ Սահմանադրության այս կարևոր դրույթի միտումնավոր անտեսումը չի վրիպել խնդրին անդրադարձած իրավաբանների ուշադրությունից, քանի որ նման մեկնաբանությունը, բացի մանիպուլյատիվ լինելուց, դառնում է վտանգավոր հասարակության համար այն իմաստով, որ կարող է ծառայեցվել նախկին ավտորիտար համակարգը ներկայացնող ուժերի կողմից՝ նորից բռնազավթելու իշխանությունը:

 Դատական իշխանությունը տաբուացված չէ և չունի առանձնահատուկ կարգավիճակ իշխանության այլ թևերի հանդեպ: Եվ եթե հայտնվում են կասկածներ, որ դատական թևը չի իրացնում ժողովրդին ծառայելու սահմանադրական պահանջը կամ համակարգը վեր է ածվում «դատական անիշխանության», ապա իշխանության այն թևերը, որոնք ձևավորվել են ժողովրդի վստահության քվեով, իրավունք ունեն ժողովրդին առաջնորդելու և պահանջելու դատական համակարգից՝ ստանձնել իր սահմանադրական պարտավորությունների իրականացումը: Եվ դա կարող են անել այնքան ժամանակ, մինչև կձևավորվի վստահություն դատական իշխանության հանդեպ ու այն կդառնա ոչ միայն լեգալ, այլև՝ հասարակական տեսանկյունից լեգիտիմ, այսինքն՝ ճանաչված որպես ժողովրդի իշխանություն իրականացնող գործիք:

 Այն պահին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործող դատական համակարգը բնութագրելով խամաճիկային՝ կոչ արեց արգելափակել դատարանների մուտքերը, դատական իշխանությունը, չնայած իր լեգալությանը (թեև դա էլ կասկածի տակ է դրվում շատերի կողմից), որը նա ստացել էր նախկին ավտորիտար համակարգի օրոք, չուներ և դեռևս չունի լեգիտիմություն: Քոչարյանի դատավարության հետ կապված՝ դատարանի վարքագիծն է՛լ ավելի խորացրեց դատական իշխանության լեգիտիմության ճգնաժամը, ինչն էլ ստիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ անել ժողովրդին՝ ստիպելու դատական իշխանությանը կա՛մ ծառայել ժողովրդին և վերականգնել իր չեղած լեգիտիմիությունը, կա՛մ ՀՀ Սահմանադրությամբ ժողովրդին վերապահված իրավունքով կասեցնել ոչ լեգիտիմ և հակաժողովրդական դատական իշխանության գործունեությունը՝ մինչև դրա վերափոխումը: Նշանակում է, այն պնդումները, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը սահմանադրական կարգի խախտում է, մանիպուլյատիվ են, քանի որ հենված են նախ՝  ՀՀ Սահմանադրության հատվածական մեկնաբանության, ապա՝  ՀՀ Սահմանադրության  հիմնարար՝ իշխանությունը ժողովրդին պատկանելու հոդվածի անտեսման վրա: Այսինքն, եթե Հայաստանում դատական իշխանությունը դեռևս չի ծառայում ժողովրդին, առաջին հերթին պետք է մտածել այն ժողովրդին վերադարձնելու, հետո միայն իշխանության մյուս թևերից  տարանջատելու մասին: Հակառակ դեպքում՝ նախկին բռնատիրական համակարգը ներկայացնող ուժերը հնարավորություն կունենան դատական իշխանությունը ծառայեցնել իրենց կամքին, պահպանել դատական թևի անիշխանության վիճակը և, օգտագործելով իշխանության թևերի անկախության թեզի շուրջ մանիպուլյացիաները,  դրա գործունեությունն ուղղել հենց ժողովրդի դեմ:

   Հեղինակ՝ Աղասի Թադևոսյան

 04-07-2019

Լուսանկարը՝ Հետք