ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ԱՆԴԱՄԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ (մաս 2)

...

Բաղադրություն

  • Իմաստային կեղծ համազորություն

Վահե Գրիգորյանի վերլուծության վերաբերյալ սոցիալական մեդիայում բավականչափ տարածում ստացավ իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանի կարծիքը: 

Tert.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով լրագրողի հարցին,  թե կարծիք կա, որ Վահե Գրիգորյանը տառացի ու ընտրողաբար է մեկնաբանում Սահմանադրության նորմերը, Գոռ Հովհաննիսյանն ասում է. «Գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Նախ՝ ի՞նչ է նշանակում «շարունակում են պաշտոնավարել» հասկացությունը  Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության իմաստով։ Դա նշանակում է, որ նրանք շարունակում են զբաղվել այն գործով, ինչով զբաղվել են մինչ օրս, այսինքն՝ իրականացնել նույն լիազորությունները, որոնցով օժտված են եղել 2005 թ. Սահմանադրությամբ»:

ԴԵՏԵԿՏՈՐԸ Գոռ Հովհաննիսյանի սույն պնդման մեջ արձանագրել է   իմաստային կեղծ համազորություն հնարքը, որի միջոցով փորձ է արվում նույնացնել իմաստային առումով երկու՝ միմյանցից տարբեր ձևակերպումներ: 

 

Մեր հիմնավորումները

 

Սահմանադրական նորմի բառացի (տառացի) մեկնաբանությունից պարզ է դառնում, որ «ՍԴ անդամը», Սահմանադրության հեղինակների կողմից իրավաբանական տեխնիկայի կաննոները չպահապանելու, դիտավորությամբ կամ անզգուշությամբ անորակ ձևակերպումներ նախատեսելու պատճառով ունի անորոշ կարգավիճակ: Գոռ Հովհաննիսյանը, լավ գիտակցելով, որ «(…) շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված  ժամկետի ավարտը (…)» ձևակերպման բառացի մեկնաբանության դեպքում ստացվում է, որ ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել որպես ՍԴ անդամներ և ոչ թե որպես ՍԴ դատավորներ՝ փորձում է «կեղծ իմաստային համազորություն» մանիպուլյատիվ հնարքի կիրառմամբ՝ ՍԴ անդամին «դարձնել» ՍԴ դատավոր:

Քննարկման առարկա հանդիսացող՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունն ունի հետևյալ ձևակերպումը. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված  ժամկետի ավարտը…»:

Գոռ Հովհաննիսյանի պնդմամբ, նորմում առկա՝ «շարունակում է պաշտոնավարել»  ձևակերպումը բառացի (տառացի) մեկնաբանությամբ  նշանակում է, որ Սահմանադրական դատարանի անդամը շարունակում է 2005թ. Սահմանադրությամբ իրեն վերապահված ֆունկցիան իրականացնել: 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 93-րդ և 99-րդ հոդվածների համադրված վերլուծությունից բխում է, որ Սահմանադրական դատարանի անդամը իրականացնում էր սահմանադրական արդարադատության գործառույթը:  

Ըստ Գոռ Հովհաննիսյանի՝ արդեն 2015թ. Սահմանադրության 213-րդ հոդվածով՝  նա պետք է շարունակի այդ գործառույթն իրականցնել, այն է՝ շարունակի պաշտոնավարել:

Այդուհանդերձ, Գոռ Հովհաննիսյանը չի բացատրում, թե ինչպես է ՍԴ անդամը շարունակում  իրականացնել մի գործառույթ, որի իրականացումը 2015թ.-ի խմբագրությամբ Սահմանադրությամբ վերապահված է մեկ այլ սուբյեկտի՝ ՍԴ դատավորին: 2015թ. Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 167-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ 2018թ. մարտի 2-ից սահմանադրական արդարադատությունը իրականացնում է բացառապես ՍԴ դատավորը, և 166-րդ ու 167-րդ հոդվածները ներառող 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո՝ նախկին Սահմանադրության կարգավորումները տվյալ հարցի վերաբերյալ այլևս չեն գործում: Այսպես, 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝  «Սահմանադրության 108-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև 5-8-րդ, 12-15-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից՝  իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»: Այսինքն, 209-րդ հոդվածի 6-րդ մասից պարզ է դառնում, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության 7-րդ գլուխը ուժի մեջ է մտել 2018թ. մարտի 2-ից, և այդ փաստով պայմանավորված՝ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության խնդրո առարկա դրույթները, մասնավորապես, 95-րդ եւ 99-րդ հոդվածները դադարել են իրենց գործողությունը:  

Իսկ ՍԴ անդամները չեն կարող մեխանիկորեն «ժառանգել»  2015թ. Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործառույթը, քանի որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Ասել է թե՝ պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար՝  ինչպիսին է նաև ՍԴ անդամը, «արգելված է այն ամենը, ինչն ուղղակիորեն չի թույլատրված օրենքով»: Ուստի՝ ՍԴ անդամը 2015թ. Սահմանադրությամբ, առհասարակ, չունի որևէ գործառույթ, այդ թվում՝ արդարադատության իրականացման գործառույթ:

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

12-07-2019