ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ «ԴԱՏԱՎՈՐԻ» ԵՎ «ԱՆԴԱՄԻ» ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ (ՄԱՍ 1)

...

Բաղադրություն

  • Իմաստային կեղծ նույնարժեքության կիրառում
  • Սոփեստական եզրահանգումներ
  • Իրավաբանական հասկացույթների կամայական մեկնաբանություններ

 

Հունիսի 20-ին Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը երդմնակալության ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: Ըստ Վահե Գրիգորյանի, իր՝ դատավորի լիազորության ստանձնման պահին Սահմանադրական դատարանն ունի երկու դատավոր: Քանի որ երկրորդ դատավորը՝ Արման Դիլանյանը, գտնվում գործուղման մեջ, ապա նա է դառնում այս ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները կատարողը:

Վահե Գրիգորյանն իր պնդումը հիմնավորեց  հետևյալ կերպ.  Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածների վերլուծությունից պարզ է դառնում, որ Սահմանադրական դատարանը կազմված է բացառապես դատավորներից: Մինչդեռ նախկին՝ 2005թ.-ի Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված անդամները  դատավորներ չեն համարվում:

Վահե Գրիգորյանի հայտարարությանը հաջորդեցին իրավաբանական հանրույթի ներկայացուցիչների արձագանքները, որոնցից առավել լայն քննարկման նյութ դարձավ ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Նորա Սարգսյանի հոդվածը:

ԴԵՏԵԿՏՈՐԸ Նորա Սարգսյան փաստարկներում արձանագրել է իմաստային կեղծ նույնարժեքության կիրառում, իրավաբանական հասկացույթների կամայական մեկնաբանություններ, սոփեստական եզրահանգումներ: 

 

Մեր հիմնավորումները

 

Նորա Սարգսյանի փաստարկները կառուցվածքային առումով ունեն տրամաբանական տեսք և ընթերցանության համար ինտուիտիվ են: Այդուհանդերձ,  կառուցվածքային առումով տեքստի տրամաբանական (իմա՝ ռացիոնալ) լինելը դեռևս չի երաշխավորում Նորա Սարգսյանի աշխատանքի տրամաբանական և իրավական առումով հիմնավորվածությունը:

Նորա Սարգսյանը ցանկանում է ասելիքի բովանդակությանն ու իր եզրահանգումներին տալ ընդգծված տրամաբանական տեսք, որոնք բխում են իրավագետ-գիտնականի կողմից  արված տրամաբանական գործողություններից: Այդ նպատակով, tert.am-ի համար գրված հոդվածում (ենթադրաբար՝ ուղղված նաև ոչ մասնագետ ընթերցողին) օգտագործում է լատիներեն՝ «a contario», «in claris» և այլ տերմիններ, ինչպես նաև իրավագետների անուններ՝ Կ. Ֆ. ֆոն Սավինյի և այլն, որոնք ոչ մասնագետ ընթերցողին ծանոթ չեն կարող լինել:

Նորա Սարգսյանն իր փաստարկները կառուցում է իրավունքի ընդհանուր տեսությանը հայտնի՝ մեկնաբանման պատմական, համակարգային, քերականական և նպատակային մեթոդների վրա: Կամայականորեն  մեկնաբանելով  իր իսկ վկայակոչած մեթոդները, նա կատարում է եզրահանգումներ, որոնք չեն բխում հիշյալ մեթոդների օգտագործումից և տրամաբանական առումով հիմնավոր չեն:

 

Պատմական մեկնաբանում

 

Նախ՝ հեղինակը նշում է, որ «իրավունքի պատմական մեկնաբանում» եզրույթը իրավունքի նորմի իմաստի ճիշտ բացահայտման համար՝ իրավական ակտի ընդունման պատմության, նախորդող խմբագրությունների, պատմական համատեքստի վերհանելն է, որոնք նախադրյալ են հանդիսացել այդ նորմի ընդունման համար: Այնուհետև, փորձում է բացահայտել Սահմանադրության խմբագրումները (1995թ.-ից մինչև 2015թ.-ը) և դրանց պատմական համատեքստը: Վերլուծելով 1995թ. և 2005թ. Սահմանադրության համապատասխան նորմերը՝   Նորա Սարգսյանը հանգում է այն եզրակացության, որ և′ 1995թ., և′ 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության նորմերի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամն իրականացրել է արդարադատություն, հետևապես՝ 2015թ. Սահմանադրության 213-րդ հոդվածի իմաստը, ըստ որի՝ «անդամները պաշտոնավարում են մինչև իրենց համար 2005թ. Սահմանադրությամբ նախատեսված ժամկետի լրանալը», ոչ այլ ինչ է, քան՝ անդամի կողմից որպես դատավոր պաշտոնավարում: Այսինքն՝ հղում անելով 1995թ. և 2005թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ նախատեսված՝ ՍԴ անդամի արդարադատության իրականացման ֆունկցիային, Նորա Սարգսյանը նշում է, որ 2015թ. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ ՍԴ անդամի պաշտոնավարումը համարժեք է ՍԴ դատավորի պաշտոնավարմանը:

Այս հարցում Նորա Սարգսյանը կեղծ նույնարժեքություն է կիրառում իմաստային տարբեր հասկացույթների նկատմամբ՝ փորձելով ստանալ քննարկման՝ իր համար ցանկալի արդյունք:

Ակնհայտ է, որ 2015թ. Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածները գործածում են «դատավոր», իսկ 213-րդ հոդվածն՝ «անդամ» եզրույթը: Նման տարակերպ հասկացույթների գործածումը բացառում է պատմական մեկնաբանման մեթոդին դիմելու հնարավորությունը, որովհետև 1995թ. և 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության մեջ չի եղել Սահմանադրական դատարանի «դատավոր» հասկացույթը, ուստի՝ անհնար է վերհանել դրա գործածման նպատակը 1995թ. և 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության մեջ:

Ավելին, ՀՀ իրավակարգում Սահմանադրական դատարանի «դատավոր» հասկացույթը չի եղել, ուստի՝ պատմական մեկնաբանությամբ փորձել ՍԴ անդամի կարգավիճակը մեխանիկորեն կապել դատավորի կարգավիճակի հետ՝ հիմնվելով բացառապես գործառույթի նմանության կամ նույնականության վրա,  մեթոդաբանական առումով անթույլատրելի է ու չի բացահայտում «պատմական սահմանադիրի» (իմա՝ 1995թ., 2005թ.-ին Սահմանադրություն ընդունողի) կամքը: Այսինքն՝ անհնար է պատմական մեկնաբանության ենթարկել մի բան, որը պատմական չէ, նախորդիվ գոյություն չի ունեցել թե՛ ձևական, թե՛ բովանդակային առումով:

Իսկ Նորա Սարգսյանի թեզը, թե 2015 թ. Սահմանադրության «նախագծի մշակման գործընթացներում (travaux préparatoire) որևէ խոսք չի եղել 2015 թ խմբագրությամբ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո սահմանադրական նոր դատարանի կազմավորման մասին», չենք կարող դիտարկել որպես փաստարկ, քանի որ վկայակոչվում է բացասական փաստ, որն արժևորման ենթակա է միայն ենթադրությունների հիման վրա և ոչնչով չի օգնում նորմերի իմաստի բացահայտմանը՝ պատմական մեթոդի համատեքստում:

 

 

Համակարգային մեկնաբանում

 

Նորա Սարգսյանը, փորձելով խնդրո առարկա՝ Սահմանադրության նորմերը ենթարկել համակարգային մեկնաբանության, սկսում է սխալ ելակետից՝ եզրակացնելով,  թե «իրավունքի նորմերի համակարգը  ներդաշնակ է և զերծ ներքին հակասություններից»:

Դեռևս անցած դարի 60-ական թթ. իրավաբանական պոզիտիվիզմի իրավամտածողական հայեցակարգի մի շարք ներկայացուցիչներ ի ցույց են դրել, որ իրավունքի համակարգերը, ինչպես մյուս նորմատիվ համակարգերը, ապահովագրված չեն հակադրություններից և հեռու են ներդաշնակ լինելուց[i]: Սույն տեքստի հեղինակը ևս իրականացրել է գիտական հետազոտություն իրավունքի նորմատիվ համակարգերի տրամաբանության ոլորտում՝ ի ցույց դնելով ինչպես իրավունքի նորմատիվ համակարգում առկա նորմատիվ հակադրությունները, այնպես էլ՝ նորմերի ներքին հակասությունները:

Նորա Սարգսյանը, սխալ մեկնաբանելով «համակարգային մեկնաբանություն» հասկացությունը, շփոթում է այն «համահունչություն» հասկացության հետ՝ նշելով.  «Համակարգային մեկնաբանումը ենթադրում է, որ իրավունքի նորմերի մեկնաբանման ժամանակ պետք է ընտրել այն տարբերակը, որն առավել համահունչ է մյուս նորմերի համատեքստում»: Դժվար է պատկերացնել, թե ինչ նկատի ունի հեղինակը «համահունչություն» եզրույթի ներքո, սակայն փորձենք ընթերցողին բացատրել, թե իրականում  ինչ է  նշանակում համակարգային մեկնաբանություն:

Պատկերացնենք՝ ունենք երկու իրավանորմ. Ni և Nj, որոնք պատկանում են կոնկրետ նորմատիվ խմբի, օրինակ՝ NS խմբին: Առաջին նորմի՝ Ni համաձայն, «Յուրանքանչյուր չափահաս քաղաքացի պետք է անցնի պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն»: Երկրորդ նորմի՝ Nj համաձայն, «Չափահաս է համարվում անձը, ում 18 տարին լրացած է»: Այս երկու նորմերի համակարգային մեկնաբանության արդյունքը կլինի. «Յուրքանչյուր անձ, ում 18 տարին լրացած է՝ պետք է անցնի պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն»: Այսինքն՝ Ni և Nj նորմերից բխում է Nij-ը: Ստացվում է, որ Nij-ն համակարգային մեկնաբանության արդյունք է, իսկ Ni և Nj նորմերի գոյությունը՝ անհրաժեշտ և բավարար պայման՝  Nij-ի գոյության համար:

 Փորձելով «համակարգային» մեկնաբանության ենթարկել Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին և 2-րդ նախադասությունները՝ Նորա Սարգսյանը  նշում է, որ Սահմանադրության 7- րդ գլխի ուժի մեջ մտնելուց  հետո (վերաբերում է դատարաններին և դատարանակազմությանը, ուժի  մեջ է մտել 2018թ. մարտի 4-ից), Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար՝ Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը: Ապա՝ հանգում է ոչնչով չհիմնավորված այն եզրակացությանը, որ «213-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համադրումը հստակ ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղի մասին խոսք լինել չէր կարող, եթե այդ մարմինը նախկինում գոյություն չի ունեցել, այսինքն՝ դեռ նոր պետք է ստեղծվի»։

Ստացվում է, որ ըստ Նորա Սարգսյանի՝ նորաստեղծ մարմնում որևէ թափուր տեղ լինել չի կարող: Սա ոչ միայն հակադրվում է պարզ տրամաբանական գործողությունների հանրահայտ կանոններին, այլ նաև՝ թափուր բառի բառարանային բնորոշմանը (թափուր՝ իր մեջ որևէ բան չպարունակող, ոչ մեկի կողմից  չզբաղեցրած:  Տե՜ս Հր. Աճառյան. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երեւան, 1972, էջ 164):

Նորա Սարգսյանը նաև նշում է, որ Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը դեմ է ողջամտությանը և տանում է դեպի աբսուրդ, քանի որ «պաշտոնավարել» բառը նշանակում է պաշտոնին ծառայել, և եթե ՍԴ անդամը որպես դատավոր հնարավորություն չի ունենում պաշտոնավարել, ապա այն հանգեցնում է սահմանադրական արդարադատության համակարգի «կաթվածի»: Ուստի՝ այս ամենից հետևում է, որ «անդամ» և «դատավոր» տերմիններն օգտագործվում են որպես հոմանիշներ:

Համաձայն լինելով Նորա Սարգսյանի այն եզրահանգմանը, որ եթե Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը ճշմարտացի է, ապա սահմանադրական արդարադատության ողջ համակարգը մինչև նոր ՍԴ-ի կազմավորումը կենթարկվի կաթվածի, այդուհանդերձ, պետք է նշել, որ վերահաս «կաթվածի» անցանկալիությունը, կամ դրա բացասական հետևանքները չեն դարձնում Վահե Գրիգորյանի վերլուծությունը սխալ, իսկ «անդամ» և «դատավոր» տերմինները՝ քննարկման առարկա համատեքստում՝ հոմանիշներ: Այսինքն՝ Նորա Սարգսյանի մտահոգությունը, որքան էլ այն օբյեկտիվ նախադրյալներ ունենա, չի կարող փաստարկ հանդիսանալ՝ Վահե Գրիգորյանի վերլուծության սխալական լինելու օգտին:

Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ համակարգային մեկնաբանման մեթոդի քողի ներքո, Նորա Սարգսյանը կամայական  մեկնաբանություն է տալիս սահմանադրական նորմերին:

 

 

Թելեոլոգիական (նպատակամետ) մեկնաբանում

 

Փորձելով վեր հանել սահմանադրի կամքը և նորմի ընդունման նպատակը՝  

Նորա Սարգսյանը նշում է, որ սահմանադիրը չէր կարող նախատեսել երկու սահմանադրական դատարանների ստեղծում, որովհետև դա կլիներ անտրամաբանական նպատակ: Սույն պնդումը ճշմարիտ է, քանի որ ողջամիտ չէ նախատեսել երկու նույնական դատարանների ստեղծում: Այդուհանդերձ, իրավաբանական տեխնիկայի կաննոները չպահպանելու, անորակ շարադրանքի, կամ ինչ-ինչ սուբյեկտիվ շարժառիթներից ելնելով՝ Սահմանադրության հեղինակների ձևակերպումների արդյունքում,  հակառակ սահմանադրի կամքի՝ հնարավոր է ունենալ նման իրավիճակ: Փաստ է, որ նախատեսվել է տրամաբանական առումով երկու տարբեր կարգավորման ռեժիմ՝ Սահմանադրական դատարանի «դատավորի» և «անդամի» համար:

 Այս առումով, պնդումը, թե սահմանադիրը դժվար թե կամենար ունենալ երկու տարբեր կարգավորման ռեժիմ «դատավորի» և «անդամի» համար, հետևապես՝ չկա դատավորի և անդամի միջև տարբերություն, ոչ միայն չի բխում փաստերից, այլ նաև շահարկում է սահմանադրի կամքը՝ իրեն ձեռնտու լույսի ներքո ներկայացնելով սահմանադրական կարգավորման մեկնաբանությունը: Ոչ թե սահմանադրի կամքով է առաջացել նման իրավիճակը, այլ Սահմանադրության տեքստի հեղինակների (հեղինակներից մեկի) կամոք (դիտավորությամբ կամ անզգուշությամբ):

Տարօրինակ է նաև այն հանգամանքը, որ Նորա Սարգսյանը չի անդրադառնում կարգավորման անորակությանը, իրավաբանական տեխնիկայի անտեսմանը, քանի որ իրավաբանական նորմերն ունեն տրամաբանական հետևանքներ և յուրաքանչյուր ոչ հստակ,  անորոշ ձևակերպում՝  կարող է հանգեցնել իրավաստեղծի կամքից անկախ, նույնիսկ իրավաստեղծի կամքին հակադրվող հետևանքների:

Կասկածելի է նաև այն հանգամանքը, որ Նորա Սարգսյանը թերարժևորում է  իրավանորմերի տառացի մեկնաբանման մեթոդը, որն իրավաբանական մեկնաբանության մեջ ունի առաջատար դեր:  Եվ իրավաբաններս, որպես կանոն,  դիմում ենք պատմական և/կամ թելեոլոգիական մեկնաբանությանը, երբ իրավանորմն ունի անորոշ լեզվաքերականական ձևակերպում և տառացի մեկնաբանությամբ դժվար է ստանալ որոշակի արդյունք:

Այսպես, Նորա Սարգսյանը՝ չքննարկելով իրավանորմերի լեզվական (բառացի կամ տառացի) մեկնաբանությունը, իր եզրահանգման մեջ նշում է, որ Վահե Գրիգորյանի փաստարկները հիմնվում են «Սահմանադրության դրույթների  մեկնաբանության միայն մեկ մեթոդի՝ տառացի մեկնաբանման, ընտրանքային կիրառման վրա»։  Իսկ թե որն է խնդրո առարկա նորմերի տառացի մեկնաբանման իր պատկերացումը՝ Նորա Սարգսյանը լռում է:

 

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

 05-07-2019



[i] Wright G. H. von.Norm and action. 1st ed. London: Routledge and Kegan Paul. 1963, Alchourrón C., Bulygin E. Introducción a la metodología de las ciencias jurídicas y sociales. 1st ed. Buenos Aires: Editorial Astrea de R. Depalma. 1975.,  Kelsen, H. General theory of norms. 1st ed. Oxford England: Clarendon Press. 1991 (գրված 1960-70 ական թթ.):