ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԻ ԼՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԸ

...

Բաղադրություն

  • Կիսաճշմարտություն
  • Կեղծ պատճառահետևանքային կապ

2020 թվականի սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները գրեթե միաձայն կողմ քվեարկեցին Կառավարության, ՀՀ  նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված՝  ՍԴ դատարանի դատավորների  երեք թեկնածուներին։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները (ԲՀԿ և Լուսավոր Հայաստան) չմասնակցեցին  քվեարկությունը՝ այն որակելով որպես հակասահմանադրական գործողություն։ Այսպիսով Սահմանադրական դատարանը համալրվեց 3 նոր դատավորով, և դատավորների թիվը արդեն իսկ բավարար է  կազմակերպելու  ՍԴ դատարանի նախագահի ընտրությունը։ 

Հիշեցնենք, որ ՍԴ-ի կազմի փոփոխության շուրջ գործընթացները սկսեցին ծավալվել այն բանից հետո, երբ իշխող ուժը հայտարարեց, որ ՍԴ-ում առկա է ճգնաժամ, և այդ ճգնաժամը խոչընդոտում է երկրի կառավարմանը և զարգացմանը։

3 նոր դատավորների ընտրությունից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով ՍԴ-ի վերաբերյալ խնդրին, մասնավորապես նշեց «Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը, ցանկանում է ձևավորել այդպիսի [ժողովրդի վստահությունը վայելող, լեգիտիմ] ՍԴ, քանի որ նախկին ՍԴ դատավորները չեն վայելել ժողովրդի վստահությունը, կապված են եղել նախկին իշխանությունների հետ»։

Ալեն Սիմոնյանի վերոնշյալ հայտարարություններից տրամաբանորեն հետևում է, որ ա) իշխող կուսակցության անդամները ՍԴ ճգնաժամի էությունը համարում էին ժողովրդի անվստահությունը նրա նկատմամբ և այն, որ դատավորները կապված են եղել նախկին իշխանությունների հետ, բ) որ այժմ ձևավորել է Սահմանադրական դատարան, որը վայելում է ժողովրդի վստահությունը։ 

Դետեկտորը գտնում է, որ գաղափարը, թե ՍԴ-ն վայելում է ժողովրդի վստահությունը միայն այն պատճառով, որ ձևավորվել է լեգիտիմ ԱԺ-ի կողմից հիմնվում է կեղծ պատճառահետևանքային կապի ստեղծման եւ կիսաճշմարտություն մանիպուլյացիոն բնույթի տրամաբանության վրա։  Հիմնական խնդիրն այն է, որ ոստ էության, լեգիտիմ ԱԺ-ի կողմից երեք նոր դատավորների ընտրությունը դեռևս բավարար պայման չէ պնդելու, որ նոր ձևավորված ՍԴ-ն վայելում է ժողովրդի վստահությունը։ Դետեկտորը ստորև առանձնացրել է  մի քանի կետ, որոնք ցույց են տալիս, որ Ա. Սիմոնյանի հայտարարությունը հիմնված է կեղծ պատճառահետեւանքային կապի եւ կիսաճշմարտության վրա.

  1. ՍԴ-ն միայն մասամբ է ձևավորվել լեգիտիմ ԱԺ-ի կողմից, ուստի Ալեն Սիմոնյանի պնդումը, որ  լեգիտիմ ԱԺ-ն ձևավորել է ՍԴ նոր կազմը, կիսաճշմարտություն է:
  2. Չկա որևէ հիմք պնդելու, որ լեգիտիմ ԱԺ-ի կողմից ընդունված բոլոր որոշումները ապրիորի նշանակում են, որ դրանք հավանության են արժանացել Ժողովրդի՝ այսինքն ընտրողների մեծամասնության կողմից: Ժողովրդավարական պետություններում բազմաթիվ են օրինակները, երբ խորհրդարանի կողմից ընդունված այս կամ այն որոշումը բնակչության մի գգալի հատվածի կամ նույնիսկ մեծամասնության կողմից քննադատվում է, չի ընդունվում որպես ճիշտ որոշում։
  3. Նոր դատավորների ընտրությունը խնդրահարույց է ընտրության չափանիշների տեսանկյունից, իսկ ՍԴ-ի վերաբերյալ վստահության պակասը նախկինում պայմանավորված էր նաեւ այդ հանգամանքով, որը զրկել էր ՍԴ-ն ժողովրդավարական լեգիտիմությունից:

 

Ստորեւ մանրամասն կանդրադառնանք հենց երրորդ կետին.

Հիշեցնենք, որ ՍԴ-ում առկա ճգնաժամի մասին քննարկումներն ակտիվորեն մտան քաղաքական օրակարգ, երբ Վահե Գրիգորյանը 2019 թվականի հունիսի 19-ին ընտրվեց սահմանադրական դատարանի դատավոր։ Այնուհետև նա սկսեց սահմանադրական դատարանի ճգնաժամի պատճառների և դրանց լուծման ուղիների մասին շարք հրապարակել։ Ըստ նրա, Սահմանադրական դատարանի ճգնաժամը պայմանավորված էր ՍԴ ժողովրդավարական լեգիտիմության և սահմանադրականության պակասով: Ուշագրավ է Վահե Գրիգորյանի հետևյալ դատողությունը. «Սահմանադրական դատարանի ներսում և դրա շուրջ ճգնաժամից դուրս գալու նախապայման է ՍԴ նախորդ ողջ ժամանակաշրջանի իրավաքաղաքական գնահատականը»:

Վահե Գրիգորյանի նամակից հետո կառավարող ուժի տարբեր ներկայացուցիչներ սկսեցին առավել ակտիվ խոսել ՍԴ ճգնաժամի և դրա հաղթահարման անհրաժեշտության մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ նամակն իրեն ցնցել է։

Նիկոլ Փաշինյանը, փետրվարի 20-ին ԱԺ ամբիոնից խոսելով ՍԴ-ի հարցի լուծման մասին, մասնավորապես նշել էր՝ «1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում Սահմանադրական դատարանը դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձևավորելու իր իրավունքը»:

Նիկոլ  Փաշինյանը մեկ այլ ելույթում հայտարարել էր «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»։

Սակայն ՍԴ դատավորներին վերջին ընտրությունը աչքի ընկավ նրանով, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որպես ՍԴ դատավոր ընտրեց, օրինակ, Երվանդ Խունդկարյանին, որի մասին նախկին  ՄԻՊ Կարեն Անդրեասյանը 2013 թվականի արտահերթ զեկույցում արձանագրել  էր «․․․Եթե Վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաև օլիգարխներ ստեղծելու և պահելու այլ եղանակների հետ»:

Երվանդ Խունդկարյանի մասով, օրինակ, Թրասփարենսի Ինթերնեշնլ ՀԿ-ն պարզել է, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում ընդունված որոշումների առնչությամբ առկա են  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներ, որոնք արձանագրել են սեփականության իրավունքի վերաբերյալ գործերով ՀՀ դատական համակարգի կողմից կայացված որոշումներում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ. «Դրանք առնչվում են Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակում Թեղուտ-Շնող գյուղերի բնակիչների հողամասերի՝ բացառիկ գերակա հանրային շահի անվան տակ օտարմանը, ներառյալ՝ Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի, Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի, Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի, Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի, Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի, Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի, Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի, Պապոյանն ընդդեմ Հայաստանի, Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի գործերը»,- ասված է հրապարակման մեջ։

Փաստորեն, Երվանդ Խունդկարյանն այն դատավորներից էր, որոնց օրինակի հիման վրա վարչապետ Փաշինյանը հիմնավորում էր դատական համակարգի չգոյությունը, իսկ այսօր, ինչպես բխում է Ալեն Սիմոնյանի վերոնշյալ խոսքերից, նրա՝ ՍԴ դատավոր ընտրվելն, ըստ կառավարող ուժի ներկայացուցչի, առաջացրել է ժողովրդի վստահությունը ՍԴ-ի վերաբերյալ։ 

Հարկ է նաև նշել, որ նախկին ՍԴ-ին չի տրվել իրավաքաղական գնահատականը, ինչը, օրինակ, Վահե Գրիգորյանը համարում էր ճգնաժամի հաղթահարման կարևոր պայմաններից մեկը: Իսկ նորընտիր դատավորներին ընտրելիս պատգամավորները հաշվի չեն առել այն հարցը՝ արդյոք նրանք  ընդունում են այն, ինչ նշել էր հենց Փաշինյանը, որ «1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում Սահմանադրական դատարանը դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձևավորելու իր իրավունքը»:

Մինչդեռ ժողովրդավարական լեգիտիմությունը  դատավորները կարող են ստանալ առնվազն այն դեպքում, երբ նրանք ընդունեն նախկին ավտորիտար ռեժիմի հակաժողովրդավարական գործողությունները և առաջին հերթին հենց ՍԴ-ի դերակատարությունն այդ ամենում:

Հեղինակ՝ Զառա Սիմոնյան

23-09-2020