ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՈՐՊԵՍ «ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Պիտակավորում
  • Էմոցիայի շահարկում
  • Բինար հակադրությունների ստեղծում ու դրանց շահագործում
  • Հասկացությունների միջև կեղծ տրամաբանական կապի ստեղծում
  • Անհիմն մեղադրանքի ակնարկ

 

 

Պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը հունվարի 26-ին իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է կատարել «(...) Իմ տպավորությամբ` հեղինակազրկելով բանակի բարձրաստիճան հրամանատարությանը, վարկածներ հնարելով և շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ։ Գուցե նպատակը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստե՞լն» է» ։

ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրել է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից արված գրառումը մանիպուլյատիվ է՝ հիմնված հասկացությունների միջև կեղծ տրամաբանական կապի, էմոցիայի շահարկման՝ սեփական անձը դրական կոննոտացիա ունեցող հասկացության՝ բանակի հետ ասոցացնելու, բինար հակադրությունների ստեղծման՝ բանակ և ժողովուրդ հասկացությունների առանձնացմամբ, պիտակավորման՝ իր դեմ հարուցված քրեական մեղադրանքը  ՀՀ անվտանգության դեմ ոտնձգություն ներկայացնելու հնարքների վրա։

 

Մեր հիմնավորումները

 

    Գիտակցելով, որ հանրային որոշ շրջանակների կողմից իր անունը մինչ օրս ասոցացվում է «զինված ուժերի» հետ՝ Սեյրան Օհանյանը փորձում է «Մարտի 1»-ի գործով հարուցված քրեական հետապնդումները ներկայացնել իբրև բանակի և ժողովրդի միջև սեպ խրելու փորձ։ Ավելին, իմանալով, որ ժողովրդավարական հանրույթներում, ի տարբերություն բռնապետական, ավտորիտար պետաիրավական ռեժիմների՝ ժողովուրդն ու բանակը միմյանց չհակադրվող հասկացույթներ են, նա առանձնացնում է դրանք միմյանցից՝ ստեղծելով  բինար հակադրություն և անհիմն էմոցիոնալ մեղադրանք հնչեցնելով  կառավարող ուժի նկատմամբ։

Սեյրան Օհանյանը նաև լավ գիտակցում է, որ հանրային ընկալման մեջ «բանակը» դրական էմոցիոնալ լիցքավորում ունեցող հասկացություն է, որն ասոցացվում է ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ։ Ուստի՝ ներկայացնելով իր նկատմամբ հետապնդումը որպես բանակի նկատմամբ դավադրություն, ակնարկում է, որ տեղի է ունենում նախապես կազմակերպված ոտնձգություն ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այնուհետև մանիպուլյատիվ հարցադրում է անում. «Գուցե նպատակը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստե՞լն  է»։

Օհանյանի կողմից՝ գործող իշխանություններին դավադրության մեջ մեղադրելումանիպուլյատիվ նպատակադրվածությանվկայությունն էնաև այն, որ հեղափոխությունից հետո տված մի քանի հարցազրույցներում նա ոչ մի  մեղադրանք չի հնչեցրել նոր քաղաքական իշխանության հասցեին՝ կապված որևէ դավադրության ծրագրավորման հետ: Ընդհակառակը՝ 06.06.2018թ. «Factor.am» լրատվական կայքին տված հարցազրույցում նա նշել է. «Կառավարության ծրագրի մեջ ես տեսել եմ որոշակի շեշտադրում՝ զինված ուժերի քաղաքական չեզոքության պահպանման։ Նախկինում, իհարկե, թերություններ եղել են, բայց տարիների ընթացքում, իմ ղեկավարման ժամանակ, ես փորձել եմ մշտապես տանել դեպի այդ ամեն ինչի նվազում»։ Իսկ ավելի վաղ՝ 01.06.2018թ. «1in.am» լրատվականկայքին տված հարցազրույցում Օհանյանը շեշտել է. «() Փաշինյանը հանգուցալուծեց բարոյական, սոցիալական ճգնաժամը()իհարկե, այն կունենա ազդեցություն զինված ուժերի վրա»։

Այս ամենից ելնելով՝ կարելի է վստահաբար պնդել, որ Սեյրան Օհանյանը նախկինում չի քննադատել իշխանություններին՝ արցախյան հարցում, իբրև թե, զիջումների գնալու համար, այնինչ՝ նման մանիպուլյատիվ խոսակցությունները շրջանառության մեջ էին դրվել հեղափոխությունից անմիջապես հետո: Իսկ երբ սկսեց քննադատել՝ խնդրո առարկա հարցում  չէր կատարվել էական որևէ բեկում, որը կարող էր Փաշինյանի կառավարությունը դարձնել Օհանյանի քննադատության թիրախ:

Միայն «Մարտի 1-ի»  գործով իրեն առաջադրված քրեական հետապնդումից հետո՝ 15.01.2019 թվականին, Օհանյանը սկսեց քննադատել նոր քաղաքական իշխանությանը՝ անուղղակի մեղադրելով նրան դավադրության կազմակերպման մեջ. «(…) Մարտի 1-ի ողբերգությունը և զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր և հեռահար, անհայտ նպատակների համար»։

Փաստորեն, Սեյրան Օհանյանն իր գրառման մեջ շեշտելով «բանակի և ժողովրդի միջև սեպ խրելու փորձերի», ինչպես նաև «դավադրական նպատակների» մասին մտքերը, ըստ էության, իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ցանկանում է ներկայացնել որպես ՀՀ անվտանգության ու տարածքային ամբողջականության նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող ենթադրյալ դավադրությունը քողարկելու փորձ։ Սույն մանիպուլյացիայով Սեյրան Օհանյանը, ենթադրաբար, նպատակ ունի անուղղակի ազդել «Մարտի 1-ի» գործով նախաքննությունն իրականացնող մարմնի վրա, ինչպես նաև, հանրության աչքում  հեղինակազրկել «Մարտի 1-ի» գործով ընթացող նախաքննությունը:

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

08-02-2019