ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵ՞ՐՁ, ԹԵ՞ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՇԱՀԱՐԿՈՒՄ

...

Բաղադրություն

  • Շնորհավորական ուղերձին բնորոշ տոնայնության և հասցեականության ձևախեղում
  • Նեղ խմբային մտահոգություններն իբրև հանրային մտահոգություններ ներկայացում
  • Անհիմն կասկածների ու մեղադրանքների ներկայացում

 

 

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի առիթով ՀՀ ներկայի և անցյալի տարբեր պաշտոնյաներ հանդես եկան շնորհավորական ուղերձներով: Այդ ուղերձների շարքում ամենաարտառոցը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ներկայացված ուղերձն էր, որը թե՛ ֆորմալ, թե՛ բովանդակային առումով հակասում էր անկախության առիթով հրապարակվող շնորհավորանքների տեքստերին, ինչպես նաև պարունակում էր մի շարք շահարկումներ, անհիմն մեղադրական ակնարկներ ու կեղծ մտահոգություններ՝ Հայաստանի ներկա իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության, հայաստանյան հասարակության մեջ ընթացող գործընթացների, արտաքին քաղաքական մթնոլորտի վերաբերյալ:

Իսկ ի՞նչ է ներկայացնում Սերժ Սարգսյանի անունից՝ Անկախության 28-րդ տարեդարձի առիթով հրապարակած շնորհավորական ուղերձի տեքստը՝ ֆորմալ, բովանդակային, ինչպես նաև հասցեատիրոջ առումով: Շնորհավորական համառոտ նախաբանից անմիջապես հետո ներկայացվում է ընդունված արարողակարգային միջոցառումները նկարագրող մի պարբերություն, որը պարունակում է հեգնանք և ուղերձի հասցեատիրոջ  զգացողությունների՝ կեղծ լինելուն վերաբերող կասկած: <<Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս եւս չի զգացվի>>:

Այդուհետ, առաջարկվում է <<կեղծ խանդավառության>> այլընտրանքը՝ Գ. Նժդեհի ասույթներից մեկի մեջբերմամբ, որը պիտի սթափեցնի ուղերձի հասցեատիրոջը, դուրս բերի նրան տոնական տրամադրությունից և պարուրի առաջարկվող մտահոգություններով, ընդ որում՝ վախճանաբանական հեռանկարի սպառնալիքով: Այսպես օրինակ՝ «Անկախությունը, անկախ Հայրենիքը իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»:

Հաջորդ պարբերության մեջ ուղերձի հասցեատիրոջը փորձ է արվում բացատրել, թե ինչու պետք է վստահել մեջբերված ասույթին, ինչը փաստարկվում է պարբերության վերջում շեշտադրվող <<արյուն>> և <<քրտինք>> բառերով՝ <<…մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ եւ քրտինքով է ներծծված>>:  Հետագա պարբերություններից պարզ է դառնում, որ <<քրտինքը>>, առավել ևս <<արյունը>> ուղերձի տեքստում բացառապես պատերազմական և ռազմական դիսկուրս բացելու բանալիներ են և ներկայացված չեն ստեղծելու, կառուցելու կամ այլ կերպ ասած՝ տնտեսության և մշակույթի համատեքստում:

Այնուհետև փորձ է արվում Նժդեհի ասույթը և այն բացատրող ուղերձը արդիականացնել ու ինտեգրել ներկա ժամանակի մեջ՝ վերջինս պիտակելով իբրև <<խառնակ ժամանակներ>>, երբ վտանգված են մեր ազգային արժեքները, որոնք կարիք ունեն անաղարտ պահվելու և սերունդներին փոխանցվելու: Պարբերության ամփոփումից, սակայն, պարզ է դառնում, որ ազգային արժեքները չպահպանելը սպառնում է ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական ոչնչացմանը, ինչը գոյաբանական առումով կասկածելի ու չհաստատվող եզրահանգում է (<<Անվարան կանգնել մեր հոգեւոր եւ ֆիզիկական անվտանգությանը սպառնացող բոլոր վտանգների առջեւ` թույլ չտալով ոչ մի առաջխաղացում>>): Բայց <<ֆիզիկական ոչնչացման>> հիշատակումն այստեղ պատահական չէ, և <<արյան ու քրտինքին>> հավելվելով՝ նախապատրաստում է այն հիմնական ուղերձը, որը պետք է ներկայացվի <<շնորհավորական>> տեքստի վերջին երկու ծավալուն պաբերություններում: Ազգային արժեքների, հոգևոր անվտանգության մասին հիշատակումները մինչ այժմ թվարկված պարբերություններում ծառայում են ընդամենն իբրև բուն ասելիքի կեղծ երկվորյակներ և նպատակ ունեն թաքցնելու կամ միանգամից չբացահայտելու շնորհավորական ուղերձի <<ատամի տակ>> գտնվողը:

Վերջին՝ ամենակարևոր և բուն ուղերձների ներկայացումից առաջ, տեքստում օգտագործվում է դադարի երկու փոքր պարբերություն՝ իբր հասցեատիրոջ <<պարտքի>> վրա  ուշադրություն գրավելու միջոց: <<Իբր>>, որովհետև գոնե այստեղ ուղերձի տեքստը պիտի ավարտվեր և ներկայացվեր ավարտական շնորհավորանքը: Սակայն դա տեղի չի ունենում: Կարճ պարբերություններին հաջորդում են ծավալուն պարբերություններ, որոնցում ներկայացվում է ուղերձի բուն ասելիքը.

<<…Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է>>:

 <<Ես լավատես եմ` հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, վստահ եմ, որ դարավոր մեր պատմության այս հանգրվանում սրբորեն կվերաբերվենք բազում զոհողությունների ու զրկանքների գնով վերականգնված անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը, վեր կկանգնենք բոլոր տեսակի անարժեք եւ անցողիկ շահերից, կլինենք միասնական եւ սթափ` գիտակցելով նաեւ բոլորիս միակ Հայրենիքին սպառնացող արտաքին վտանգները>>:

Նշված երկու պարբերություններում ուղերձի հասցեատիրոջն ակնարկվող մեղադրանքներին ու անհիմն կասկածներին կանդրադառնանք վարը: Այստեղ ընդամենը նկատենք, որ անվտանգություն կոչվածը, ըստ էության, նույնականացվում է ֆիզիկականի հետ, որի երաշխավորը ոչ թե ողջ հանրությունն է, այլ <<արյուն ու քրտինք>> թափած, հաղթանակած զինվորականությունը, իսկ անվտանգության պահպանման գլխավոր հնարավորությունը պատերազմն ու ռազմի դաշտն են և ոչ նաև՝  տնտեսությունը, մշակույթը, որոնց պարտադիր մասնակցությամբ է, որ կերտվում ու պահպանվում է անկախ պետականությունը:  Ուղերձի հեղինակի բաղձալի լավատեսությունը ևս ուղղված է զինվորների շուրջ և արտաքին թշնամու դեմ համախմբմանը, իսկ արտաքին վտանգը,  ուղերձի տեքստային զարգացման ալգորիթմի համաձայն՝ վերաբերում է արտաքին ռազմական սպառնալիքին և ոչ առհասարակ՝ հոգևոր, տնտեսական ու մշակութային սպառնալիքներին:

Արձանագրենք, որ սույն  ուղերձը, շեղվելով շնորհավորական տեքստին հատուկ ստանդարտից և շնորհավորանքի առիթը վերածելով պարսավանքի, մտահոգության ու հոռետեսության փոխանցմանը՝ ակնհայտորեն  լսարանին շահարկելու նպատակ է հետապնդում[i]:

Վերջին ամիսներին արտախորհրդարանական ընդդիմության տարբեր օջախներից հնչող քննադատական ուղերձների բովանդակության և քննվող շնորհավորական ուղերձում ներկայացված՝ <<հասարակության միջև բաժանարար գծեր քաշելու>>, <<հաղթանակած զինվորի ոգին կոտրելու>> մասին հիշատակումների համեմատությունը թույլ է տալիս կարծել, որ շնորհավորական ուղերձը հասցեագրված է ոչ թե  հանրությանը, այլ ՀՀ ներկայիս իշխանություններին: Այլապես,  ու՞մ նկատի ունի <<շնորհավորական ուղերձի>> հեղինակը՝ ասելով. <<Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է>>: Պարզ է, որ չի կարող լինել, և  չկա էլ փաստարկված որևէ ուսումնասիրություն առ այն, որ հանրությունը  կասկածի տակ է դնում իր որդիների խիզախությունը և զբաղված է իր զինվորների ոգին կոտրելով, կամ՝ որ հանրությունն ինքն իրեն որոշել է իր մեջ բաժանարար գծեր քաշել: Հասկանալի է, որ ուղերձի հեղինակը նկատի է ունեցել ոչ թե հայաստանյան հանրությանը, այլ իշխանություններին, ի մասնավորի՝ վերջիններիս կողմից հարուցված այն դատական գործերը կամ հնչեցրած քննադատությունները, որոնք վերաբերում են անօրինական գործունեությամբ զբաղվող զինվորական վերնախավին: Շնորհավորական ուղերձի հասցեատիրոջ ստանդարտը Ս. Սարգսյանի շնորհավորական տեքստում նույնպես խախտվել է, և դա արվել է որոշակի մանիպուլյացիոն նպատակով:

Այդուհանդերձ, որքանո՞վ են հիմնավորված այն մտահոգությունները կամ մեղադրական ակնարկները, որոնք Ս. Սարգսյանի տեքստում անուղղակի կերպով ներկայացվում են ՀՀ ներկայիս իշխանություններին: Անդրադառնանք վերը մեջբերված առանցքային պարբերության մեջ թվարկված մի քանի մեղադրանքներին: Օրինակ՝ <<սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը>>:  Այս հատվածը պարունակում է առնվազն երկու կեղծ մեղադրանք: Առաջին. տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ ներկայիս իշխանություններն ըստ արժանվույն չեն գնահատում <<սեփական որդիների>> խիզախությունը և որ դա վերաբերում է բոլոր <<որդիներին>>: Այնինչ, ակնարկն ամենայն հավանականությամբ վերաբերում է ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի ձևավորմանը, որի նպատակը միայն Ապրիլյան պատերազմում ունեցած անհաջողությունների համար պատասխանատու զինվորական վերնախավի թերացումներին անդրադառնալն է: Հասկանալի է, որ զինվորական մի քանի պատասխանատուները ամբողջ զինվորականությունը չեն: Մյուս կողմից, թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ ներկայիս իշխանության տարբեր պաշտոնյաներ՝ զանազան առիթներով փառաբանել են Արցախյան պատերազմի հերոսներին և մասնակիցներին,  արժանացրել պետական բարձր պարգևների և կոչումների: Նաև՝ ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից անհամեմատ աճել է բանակի ընդհանուր կազմի նկատմամբ հոգատարությունը թե՛ ծառայության պայմանների բարելավման, թե՛ զինտեխնիկայի, և թե՛ զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության  առումով:

Շնորհավորական ուղերձի քննվող առանցքային պարբերության մեջ իբրև հասցեատիրոջն ուղղված մեղադրանք է ներկայացվում նաև <<շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը>>: Վստահ ենք, որ նման ուղղակի կամ անուղղակի ձևակերպում ներկայիս որևէ պաշտոնյայի հրապարակային խոսքում անհնար է վկայակոչել: ՀՀ նոր իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից երրորդ հանրապետության անցած տարիներին վերաբերող քննադատություններ և կարծիքներ  հնչել են կոնկրետ ընտրական համակարգի արատների և ընտրությունների արդյունքների առումով, նաև՝  դատարանների կոռումպացվածության վերաբերյալ, որոնք խոչընդոտել են նորանկախ պետության բնականոն առաջընթացը: Ի դեպ, <<երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելուն>> վերաբերող անհանգստությունը, ինչպես նաև հասարակության մեջ բաժանարար գծեր (<<խրամատներ>>) քաշելու մեղադրանքը վերջին օրերին հնչեցվել էր Ս. Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի մի հոդվածում և, հնարավոր է, որ սույն շնորհավորական ուղերձը գրվել է դրա ազդեցության տակ, եթե ոչ՝ նրա կողմից: Անդրադառնալով բաժանարար գծեր քաշելու վերաբերյալ իշխանության հասցեին արված ակնարկին, նորից նշենք, որ դա արվել է քաղաքական խմբավորումների մակարդակում (<<սևերի ու սպիտակների>> մասին Հայկ Մարությանի հայտնի կոչը նկատի ունենալով), այլ ոչ թե՝ հանրության տարբեր հատվածների միջև: Այնինչ, հանրապետականների և այլ ընդդիմադիրների կողմից ներկայիս իշխանությանը սատարող հանրության հասցեին հաճախ հնչում են տարբեր պիտակումներ, ինչպես օրինակ՝ զոմբիներ, զոմբիլենդ, անուղեղներ, քայլիստներ և այլն[ii]:

Նշված առանցքային պարբերության մեջ հնչեցվող մյուս մտահոգությունը, որն ըստ էության, ներկայացվում է իբրև սպառնալիք՝ արտաքին վտանգն է: Իրականում, արտաքին վտանգն ավելին չէ, քան եղել է նախորդ իշխանությունների օրոք: Ավելին, հայկական զինված ուժերի կողմից անցած ամսվա ընթացքում հակառակորդից ռազմավարական նշանակության որոշակի տարածք վերահսկողության տակ վերցնելու փաստը թույլ է տալիս խոսել ռազմաճակատի գծում անվտանգության երաշխքիների ավելացման և ոչ թե՝ նվազման մասին:  Այսինքն, արտաքին անվտանգության մասին մտահոգությունը նույնպես որոշակի առումով շինծու է և ըստ էության՝ արտահայտում է ոչ թե ամբողջ հայաստանյան հանրության, այլ որոշակի քաղաքական շրջանակների մտահոգությունները, որոնք սակայն, շնորհավորական ուղերձում ներկայացվում են հանրության անունից:

Ավարտելով և ի մի բերելով Ս. Սարգսյանի, այսպես կոչված՝ շնորհավորական ուղերձի վերլուծությունը, պիտի նկատենք, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում  իշխող քաղաքական ուժը՝ Հանրապետական կուսակցությունը, իբրև մանիպուլյացիոն հնարք  է օգտագործել հենց արտաքին վտանգի առկայությունը և փորձել դրանով ապահովել հանրային միասնականություն՝ հարստահարողների ու հարստահարվածների միջև, իրավազրկվածների ու արտոնյալների միջև: Արտաքին վտանգի սպառնալիքը կիրառվել է նաև իբրև ռեպրեսիայի գործիք՝ սոցիալական և իրավական բազմաթիվ խնդիրները և բողոքները զսպելու նպատակով: Մեծ հաշվով, հանրապետականները  այդ նույն հնարքը փորձում են կիրառել նաև այսօր՝ իրենց տարբեր հարցազրույցներում և քաղաքական ուղերձներում, այդ թվում՝ իրենց կուսակցական առաջնորդ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձի միջոցով:

 

Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան

28-09-2019

 

 

 



[i] Ի դեպ, տարբեր լրատվամիջոցներ նույնպես նկատել են Սարգսյանի ուղերձի ընդունված ստանդարտներին չհամապատասխանելը: Օրինակ Մեդիամաքսը այդ ուղերձը իր կայքում տեղադրել էր հետևյալ վերնագրի տակ <<Սերժ Սարգսյանը կոշտ ձեւակերպումներով է հանդես եկել>>: https://mediamax.am/am/news/politics/34972/?fbclid=IwAR3x8M2MTMcSU1QaNZ5gT76IPgLJ-JUXDOcTh1ekVhWmC6zzigqH0W2xaaE

[ii] Վերջին հարցազրույցներից մեկում ՀՀԿ փոխնախագահ Ա. Աշոտյանը ՀՀ ներկայիս իշխանության աջակիցներին անվանեց <<զոմբիլենդ>>: