ԱՇԽԱՐՀԻԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ

...

Բաղադրություն

  • Պիտակավորում
  • Էմոցիայի շահարկում
  • Կեղծ պատճառահետևանքային կապ
  • Հակասահմանադրական, հակաժողովրդավարական պնդումներ
  • Իրավական հարցի տեղափոխում բարոյականության դաշտ

 

Օրեր առաջ հայաստանյան տեղեկատվական դաշտում ակտիվ քննարկում ծավալվեց ՀՀ-ի, իսկ ավելի կոնկրետ՝ հանրակրթական դպրոցների աշխարհիկության հարցի շուրջ:  Քննարկման առիթ հանդիսացավ ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ մի միջադեպ, երբ նա Արարատի մարզի դպրոցներից մեկում հանդիպել էր հոգևորականի և դպրոցի տնօրենից ճշտել նրա՝ դպրոց այցելելու նպատակը: Այնուհետև լրագրողների հետ զրույցի ժամանակ Ա. Հարությունյանը հայտարարեց. «Խնդիրն էն է, որ դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական դասերի համար, կազմակերպչական դասեր իրականացնելու համար, և ոչ թե հոգևոր քարոզ իրականացնելու համար»: Այնուհետև հավելեց, որ դպրոցներում կրոնական քարոզ իրականացնելն արգելված է Սահմանադրությամբ, և բոլոր քաղաքացիները պարտավոր են հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները:

Որոշ հոգևորականներ միջադեպը մեկնաբանեցին որպես հարձակում Հայ առաքելական եկեղեցու (այսուհետ՝ ՀԱԵ) դեմ և հանդես եկան պատասխան հայտարարություններով: Դետեկտորը դրանցից առանձնացրել է Տեր-Ղազար Պետրոսյանի տված հեռուստահարցազրույցը, որում նկատել են մանիպուլյատիվ և հակասահմանադրական թեզեր:

 

Մեր հիմնավորումները

 

Ի սկզբանե նախարար Ա. Հարությունյանը խնդրին անդրադարձել և հարցը ձևակերպել  էր իրավական տեսանկյունից: ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ կրոնական կազմակերպությունները՝ այդ թվում Հայ առաքելական եկեղեցին, անջատ են  պետությունից և հետևաբար՝ իրավունք չունեն ներխուժել պետության, այս դեպքում՝ հանրակրթության կազմակերպման տարածք: Իսկ Տեր-Ղազար Պետրոսյանը խնդիրը իրավական դաշտից տեղափոխում է բարոյականության/բարոյագիտության դաշտ և հայտարարում. «Ինչպե՞ս կարելի է 1700 տարեկան, հայկական դպրոցի հիմնադիր եկեղեցուց պահանջել դպրոցից հեռու մնալ»: Հոգևորականի այսպիսի դիրքորոշումը ՀՀ Սահմանադրության և դրանով ամրագրված՝ պետության աշխարհիկ բնույթի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է։  Նրա այս պնդումը նաև մանիպուլյատիվ է, քանի որ  հավասարության նշան է դրվում ՀՀ հանրակրթական ժամանակակից դպրոցի և ընդհանուր առմամբ՝ «հայկական դպրոց» հասկացության միջև։ Եկեղեցիներին կից և եկեղեցիների կողմից հիմնադրված դպրոցներ գոյություն են ունեցել պատմության տարբեր փուլերում, սակայն, ներկայիս դպրոցներն աշխարհիկ  են, որոնց հիմնադիրը ոչ թե ՀԱԵ-ն է, այլ պետությունը՝ ՀՀ-ն։

Այնուհետև, Տեր-Ղազար Պետրոսյանը հավելում  է. «Այսօր այն եկեղեցուն են ուզում դպրոցից հեռու պահել, որի հոգևորական Սուրբ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է: (…) Խաչատուր Աբովյանն իր  «Վերք Հայաստանի» ստեղծագործության մեջ նշել է, որ մինչև 19-րդ դարը բոլոր գրքերը ստեղծվել են եկեղեցու, հոգևորակաների և սրբերի կողմից»:

Տեր-Ղազար Պետրոսյանը փաստացի՝

 ա) փոխում է խնդրի քննարկման հարթությունը (խնդիրը իրավական տիրույթից տեղափոխելով սուբյեկտիվ բարոյականության դաշտ),

բ) տալիս է սխալ պատճառահետևանքային կապ (հոգևորականը պետք է մասնակցի  ՀՀ դպրոցների գործունեությանը, քանի որ հայոց գրերի ստեղծողը նույնպես հոգևորական է),

գ) կիրառում է «հեռու պահել» մետաֆորը, որն էմոցիոնալ երանգ է տալիս նախարարի իրավական դիրքորոշմանը և լղոզում այն,

դ) և վերջապես՝ շարունակում է առաջ տանել  ՀՀ սահմանադրական կարգին հակասող թեզ (եկեղեցին չպետք է անջատ լինի պետությունից): 

Զրույցի ընթացքում Տեր-Ղազար Պետրոսյանը նաև սահմանում է, թե ինչ գործառույթ պետք է իրականացնի եկեղեցին կրթական համակարգում: Ըստ նրա, այդ գործառույթը երեխաներին «փչացնելուց» ապահովագրելն է: Տեր-Ղազար Պետրոսյանը պնդում է, որ դպրոցը և գիտությունը «փչացնում» են երեխային (օրինակ, երբ երեխան դպրոցում ծանոթանում է Դարվինի էվոլյուցիայի տեսությանը, ապա «փչանում» է Զ.Ս.).«Երբ վերադարձավ տուն, իր մեծերին, ծնողներին, տատիկ-պապիկներին որպես կապիկ նայեց, կրթվե՞ց, թե՞ փչացավ մարդը: (…) Երբ վերլուծությանը (էվոլյուցայի տեսության մասին է խոսքը Զ.Ս.) տրվում է, ինչպե՞ս ասեմ, անպարտելի ճանաչում, այդ դեպքում այդպիսի աղավաղված վերլուծությունը մարդկանց օջախներ է քանդում, մարդը այլևս ապրում է անասնակերպ կենցաղով, որովհետև մտածում է, որ ինքը ոչ թե մարդ է Աստծո նման, այլ կապիկի, անասունի նման է»:

Բացի վերոնշյալ թեզի հակասահմանադրական բնույթից (եկեղեցին պետք է թույլ չտա, որ դպրոցներում դասավանդվի Դարվինի գիտական տեսությունը Զ.Ս.), այն նաև կառուցված է էմոցիաների շահարկման մանիպուլյատիվ հնարքի վրա: Մասնավորապես, հոգևորականը փորձում է խոսքը դարձնել ավելի ազդեցիկ՝ դիպչելով այնպիսի էմոցիոնալ և արժեքային թեմաների, ինչպիսիք են  ընտանիքը և ծնող-երեխա հարաբերությունները: «Փչացնել» մետաֆորի օգտագործումը նույնպես նպատակ ունի դիպչել մարդու զգացմունքներին։ Իր պնդման մեջ Տեր-Ղազար Պետրոսյանը կրկին սահմանում է կեղծ պատճառահետևանքային կապ: Մասնավորապես, ըստ հոգևորականի,  գիտական տեսություններին ծանոթանալուն հաջորդում է «օջախների քանդվելը»: Այսինքն, հոգևորականը գիտական տեսությունների ուսումնասիրությունների և ընտանիքների ամրության միջև կապ է տեսնում: Իրականում, չկա որևէ հետազոտություն, որը կհաստատեր այդպիսի կապի առկայությունը, և, բնականաբար, հոգևորականն իր այս թեզը ոչ մի կերպ չի կարող հիմնավորել: Ի դեպ, «օջախների քանդվելը» նույնպես էմոցիոնալ մեծ կշիռ ունեցող մետաֆոր է:

Այսպիսով, Դետեկտորը գտնում է, որ Տեր-Ղազար Պետրոսյանը կատարել  է հակասահմանադրական  պնդումներ՝ կառուցված էմոցիաների շահարկում, քննարկման հարթության փոփոխում, կեղծ պատճառահետևանքային կապերի հաստատում, պիտակավորում մանիպուլյացիոն հնարքների վրա:

Ընդհանուր առմամբ, նրա պնդումներն արհամարհանք են եկեղեցու և պետության անջատ լինելու՝ սահմանադրական դրույթի նկատմամբ:

Հեղինակ՝ Զարուհի Սիմոնյան

20-02-2019