1.
Հայաստանում երեխաներին շահարկում են հաճախ՝ անձնական, ընտանեկան, ազգակցական, համայնքնային, քաղաքական հարցերի հետ կապված:
Երեխան այն կետն է, որտեղ սկսվում ու ավարտվում են խոսակցությունները: «Ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում» հանրային տարածված արտահայտությունն ամփոփում է շահարկման լայն համատեքստ ինչպես ծնողների, համայնքի, այնպես էլ՝ քաղաքականությունների համար:
Երեխաների շահարկման հարթակները անսպառ են հայաստանյան իրողություններում. առողջապահություն, կրթություն, սոցիալական ոլորտ, աշխատանք, ժամանց, ծնողավարում, քաղաքական ընտրություններ, քաղաքացիական ակցիաներ և այլն… Ռոջեր Հարթը նշում է, որ երեխան ընտանիքում ամենաշատ լուսանկարված ու չլսված անդամն է:
Հայաստանյան հասարակական հաղորդակցության պրակտիկաներում երեխան հիերարխիայի միաժամանակ վերևում է և ներքևում: Եթե արժեքային, սիմվոլիկ ընկալումներում երեխան բարձունքում է, ապա հասարակական պրակտիկաներում՝ ներքևում, ցածրում:
Հիերարխիկ այս աշտարակում խոսակցության սկիզբը իշխ-ի ու երեխայի հաղորդակցությունն ապակառուցելն է: Ինչո՞ւ է երեխան ներառվում և շահարկվում քաղաքական գործիքակազմերում: Ինչո՞ւ են երեխաները պարտադիր քաղաքական տեսարաններում:
Սովորաբար Հայաստանում քաղաքական գործիչների արշավներում երեխաներն ու ծերերը գործընթացի բաղադրիչ են:
Քաղաքական գործունեության հավակնորդները իրենց վստահելիությունը հիմնավորելու համար պարտադիր հանրային հավաքներին ու հանդիպումներին երեխա են գրկում, սովորաբար համբուրում, գլուխը շոյում, գրկում, թռցնում, վերևից նայում, կամ հազվադեպ՝ կռանում, երեխայի հետ շփվում:
Հանրությունն էլ այս գործիչներին փորձարկելու միակ անվրեպ մեթոդն ունի. երեխա է «պատրաստում ու մատուցում» քաղաքական ակնկալիք ունեցողներին և սպասում՝ եթե գրկեց, շոյեց, կարևոր է, մեդիան անմիջապես կանդրադառնա:
Երեխաների գեղարվեստական ելույթներով են սովորաբար «հյուրասիրում» կարևորներին՝ հյուրեր, հովանավորներ, այցելուներ, պաշտոնյաներ: Ընդորում, որպես կանոն, այս ելույթները կամ հանդիպումները երգի, պարի, թատերական բեմադրության, ասմունքի ձևով են կատարում՝ կարծես իներցիոն կրկնելով ու շարունակելով խորհրդային մշակութային քաղաքականության ձգտումը՝ բարձր արվեստը զանգվածների մեջ տարածելու նպատակով:
Հետխորհրդային տարիներին այս պերֆորմանսները էթնիկ պատկերներ և ասոցիացիաներ ստեղծելուն էին ուղղված. առավել կատարյալ համարվող ավանդական ժամանակներին հղող հագուստի, սանրվածքի, ոճի ցուցադրումներով, ինչպես օրինակ՝ էթնիկ մոտիվներով հագուստով, երկար հյուսերով աղջիկների կողմից աղ ու հացի հյուրասիրում, միանման հագուստներով ուղիղ ու ցուցադրական, վարժված շարքերով ու սցենարներով բեմադրված ողջույնի ելույթներ, և այլն: Երեխաների մասնակցության այս ձևով շահարկվում են հանրային իդեալականացված պատկերացումներն ու երազանքները ավանդական ժամանակների մասին. ավագության ու իշխանության հարգման կարգերով, հյուրին հաճոյանալու պարտադրանքով և երեխաների շահի անտեսմամբ:
Երեխայի իրավունքների ու լավագույն շահի մասին վերլուծությունները քննարկում են երեխաների մասնակցայնության խնդիրները՝ առանձնացնլով շահարկման, դեկորացիայի, թոքենիզմի (խոսելու) և գիտակցված մասնակցության տարբերակները:
Հաճախ երեխաների հանրային մասնակցության շահարկումներն ու դեկորատիվ պերֆորմանսները բացատրվում են երեխայի իրավունքների ու լավագույն շահի մասին անիրազեկվածությամբ կամ հասարակական պատկերացումներով:
Հայաստանում անիրազեկվածությամբ, հանրային թիրախավորված քաղաքականության ու ուղերձների բացակայությամբ պայմանավորված՝ երեխաների պարտադրված հանրային մասնակցության ելույթների սպառողները հիերարխիկ ակնկալվող վարք են ցուցադրում. սովորաբար շոյում են երեխաների գլուխը (թեպետ, օրինակ` երեխաների իրավունքների կոնվենցիան հուշում է, որ երեխաներին պետք չի դիպչել առանց համաձայնության), կամ հարցնում են, թե ինչ են պատրաստվում դառնալ երեխանեը, դառնալ, այլ ոչ թե ինչ մասնագիտություն են ընտրելու, ապա՝ կրթվելու, կրթության ու վառ ապագայի մասին ամպագոռգոռ խոստումներ տալուց ու խրատելուց հետո հեռանում են՝ ամենևին չխորասուզվելով երեխաների խնդիրների մեջ: Օրինակ, թե ինչպես են երեխաներն իրացնում իրենց իրավունքները, ինչ խնդիրներ կան այս ուղղությամբ և այլն… Չկա խոսակցության երեխայի լավագույն շահի, տարիքին հատուկ և դրանով պայմանավորված հետաքրքրությունների խթանման ու խրախուսման մասին: Եթե այս խոսակցությունները գոյություն ունենային և դեկորատիվ մասնակցությունից զատ երեխաները լսված լինեին, միգուցե իրենք ասեին, որ իրենց հետաքրքիր չէ հյուրերի համար ելույթ ունենալը, բայց իրենք սիրում են թատրոն բեմադրել, երգել, պարել: Քաղաքականության կարծրացած ակնկալիքներով պայմանավորված՝ երեխաներն այս երևույթները ընկալում են որպես բնական երևույթ, որը հատուկ է երեխաներին, քանի որ մասնակցայնության այլ պրակտիկաներ չկան կամ խիստ սակավաթիվ են, լուսանցքային ու անտեսանելի: Երեխաների մասնակցայնության այս պրակտիկաները երեխաներին ի ծնե վարժեցնում են ծառայել որպես դեկորացիա՝ կարևոր առիթները զարդարելու ու իմաստավորելու համար:
Երեխաները Հայաստանում շահարկվում են մեծերի խնդիրների համար: Երեխաների խնդիրները, կյանքի որակը, բովանդակությունը հանրային օրակարարգի թեմա երբեք չի եղել և չի դարձել:
Երեխաները շահարկվում են, որ պաշտոնյաների կամ հանրային մարդկանց համար ստեղծեն մարդկային դեմք, ապահովության միջավայր: Դեռևս խորհրդային շրջանից պահպանված և մինչ օրս պետական կազմակերպություններում կիրառվող ինքնակենսագրականի ձևում ակնկալվում է, որ գրված լինի ամուսնական կարգավիճակը և երեխաների քանակը, գերադասելի է՝ նաև սեռը. ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի…
2.
Փակ և կոռումպացված քաղաքական համակարգերում, ինչպիսին էր ՀՀԿ-ի իշխանությունը, երեխաների շահարկումն առավել տեսանելի հիերարխիկ ու դեկորատիվ էր՝ բնորոշ քաղաքական բոլոր ուժերին: Երեխայակենտրոնության և երեխայի հանդեպ իրավունքահեն զգայունության խոսակցությունների իսպառ բացակայությունը լիովին տեղավորվում էր հակաժողովրդավարական կառավարման ոճում և պրակտիկաներում:
Ընդորում, Հայաստանի նախկին ղեկավարների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անձնական ծնողավարման պրակտիկաներն ու ավանդույթները բնականորեն առավել խորհրդային էին՝ ծնող-երեխա հիերարխիաների ու դիստանցիաների ընդգծմամբ, ինչն ընդհանրապես բնորոշ էր նաև վերջիններիս կառավարման հիերարխիկ, հրամայական, կլանային ոճին ու պրակտիկաներին:
Ժողովրդավարության անկման ժամանակներում Հայաստանում քաղաքական պաշտոնյաների երեխաները ևս հայտնի չէին, կամ քննարկվում/շահարկվում էին բացառապես հասարակական թույլատրելիության սահմանները խախտելու, արտոնյալ պրակտիկաներ կիրառելու կամ հասարակական ակնկալիքները բավարարելու դեպքում, օրինակ՝ «շնորհքով է», «բարևում է», «հարևաններին օգնում է», «ամեն օր դասի է գնում» կամ՝ «պաշտոնյայի լակոտ ա», «տեսնես հերն ո՞վ ա», «ո՞ւմ թուլեն ա» արտահայտություններով քննարկելով երեխաներին ու երիտասարդներին: Այս դեպքում երեխաների շահարկումը ուներ առավել քաղաքական նպատակ, այլ ոչ թե երեխայի/երիտասարդի իրական խնդիրները տեսնելու ու օգնելու ցանկություն: Այս վերաբերմունքն անմիջականորեն կապվում էր վերջիններիս հայտնի ծնողներին վնասելու, թուլացնելու, հեղինակազրկելու մտադրության հետ, քանի որ հանրային ընկալումներում քաղաքական գործչից՝ լավ, խստաբարո, սահմանափակումներ ունեցող ծնող, առավել ևս հայր լինելու ակնկալիքը գերակա է:
Հեղափոխության շրջանում իշխ-ի երեխաները ևս շահարկվում էին, ընդորում, ինչպես ծնողների, այնպես էլ վրեժի ու իշխանության ջախջախման ցասումով տարված հանրության կողմից: Տարբեր նամակներ, դրանց հանրային պատասխաններ դարձյալ չքննարկեցին երեխաների հարցը…
Հետհեղափոխական Հայաստանում երեխաները դարձյալ շահարկվում են. տարբեր հանրային գործիչներ կարծես պատահաբար, բայց օրինաչափորեն միանման գործիքներով իրենց դիրքավորում են երեխաների ու ընտանիքի միջավայրերում՝ ցանկանալով անընդհատ ընդգծել սիրելու սեփական կարողության հավաստումը: Միգուցե սա հանրային ուղերձների տեսանկյունից դրական արդյունք է արձանագրում, սակայն դարձյալ շրջանցում է երեխաների խնդիրների օրակարգայնացումը, ինչպես օրինակ՝ դաստիարակության ի՞նչ մեթոդ են կիրառում, ինչպե՞ս են հարգում երեխայի իրավունքները, ի՞նչ խնդիրներ են տեսնում այս հարցերում, ինչպե՞ս են կարգավորում այդ խնդիրները և այլ երեխայակենտրոն հարցադրումներ:
Հետհեղափոխական Հայաստանում երեխան դարձյալ շահարկվում է՝ փոփոխությունը հիմնավորելու, հանրային մշակութային ակնկալիքներին առավել մոտենալու համար: Փոքրիկ դստեր հետ խաղացող, զբոսնող, գրկող, կատակներ անող և դա ընտանեկան միջավայրից հանրայնացնող դերը «ժողովրդի հորը» առավել ընդունելի է դարձնում: Աղջիկների հետ թատրոն, համերգ, հարսանիք գնացող հոր կերպարը միգուցե նաև նոր պրակտիկաներ է մտցնում՝ փորձելով ցուցադրել ծնողավարման հեղափոխականությունը : Զինվոր որդուն զինվորական ծառայության հավասարության պրակտիկաներում դիրքավորելը ևս հանրային նպատակ է:
Հանրային միջավայրերում պրակտիկաները ևս նույնն են մնում, թեպետ Նիկոլ Փաշինյանը գոնե անձնական փորձ ունի երեխաների հետ հաղորդակցվելու, սակայն հանրային պատկերացումներն ու ակնկալիքները դեռևս նույնն են՝ երեխաների միջոցով ստուգել հանրային գործչին:
Ինչո՞ւ: Քանի որ կրթական համակարգը դեռևս չի խնդրականացնում երեխայակենտրոնության գաղափարը և այն չի ներառում կրթական և հարակից քաղաքականությունների օրակարգում:
Կրթության ու մշակույթի, իրավունքի ոլորտի պաշտոնյաները չեն հեղեղում հանրային օրակարգը երեխաների կրթության բովանդակության, երեխաների իրական կրթական ու մշակութային կարիքների մասին մտահոգություններով:
Երեխաների ու քաղաքականության հաղորդակցության ձևերը հեղափոխական բովանդակություն դեռևս չեն ստացել, քաղաքականությունը դեռևս շարունակում է բավարարվածության զգացում ունենալ երեխաների նյութականացված խնդրանքները կատարելուց, երեխաների համար նյութականացված այլ ժեստեր կազմակերպելուց՝ խուսափելով կամ չգիտակցելով երեխաների մասին և երեխաների շուրջ նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը:
Երեխաներին շահարկելու պրակտիկաներում երեխաների համար միջավայրերի ստեղծումը ստորադասվում է սեփական քաղաքական կերպարի կառուցմանն ուղղված ջանքերին:
Երեխաներին համերգով, փուչիկներով, անվճար կոնֆետներով, պաղպաղակով, նվերներով հյուրասիրելը դեռևս միակ պրակտիկան է, որը պատմում է իշխանության, արտոնության ու որոշում ընդունելու մասին:
Երեխաները շահարկվում են՝ քննարկվելով հեղափոխությանն աջակցելու կամ նոր կառավարությանը քննադատելու միանգամայն տարբեր արձագանքերում: Հեղափոխության շրջանում հանրային հավաքներին երեխաների մասնակցությունը քաջալերվում և հրահրվում էր պայքարողների կողմից, դպրոցների դռները բացելու ջանքերը հանրայնորեն մեկնաբանվում էին՝ դարձյալ շրջանցելով երեխաների անվտանգության, հանրահավաքների մարդաշատությամբ պայմանավորված ռիսկերի քննարկումը: Մինչդեռ, հետհեղափոխական շրջանում Ամուլսարի հանքարդյուանբերական ծրագրին դեմ արտահայտվող համայնքի երեխաների դասադուլը անմիջապես քննադատվեց կրթական քաղաքականության կողմից՝ հիմնավորելով, որ երեխաներն արդեն հեղափոխության ժամանակ արտահայտել են իրենց ազատ կամարտահայտման իրավունքը, և այն վերաարտահայտելու կարիք չկա:
Երեխաները շահարկվում են նաև համայնքի ու ծնողների կողմից՝ որպես քաղաքականության ու որոշում ընդունողների հետ հաղորդակցվելու հնարավորություն. համայնքը հրճվում է, երբ հյուրերին «հյուրասիրում են» երեխաների ելույթներով, ծնողները հպարտանում են, երբ երեխաները «հաջողացնում են» ճարպկորեն նկարվել ազդեցիկ կամ հայտնի հյուրերի հետ, ինչը նրանց մոտեցնում է ուժին ու իշխ.-ին:
Հայաստանի հեղափոխականությունը կարիք ունի երեխաների նոր օրակարգի, երեխաների, որոնք ոչ թե ներգրավվում են, այլ ներգրավում են մասնակցության, որոնք չեն ուզում պարել ու երգել քաղաքականության համար, քանի որ դա իրենց չի կարող հետաքրքիր լինել: Իսկ կրթության օրակարգն էլ պետք է խնդրայնացնի շահարկումները, ոչ միայն քաղաքական գործիչների, այլև քաղաքականությունների ու հաղորդակցությունների…
Երեխան գործիք չէ…
Հեղինակ՝ Ռուզաննա Ծատուրյան
11.10.2019