ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ (ՄԱՍ 1-ԻՆ)

...

Բաղադրություն

  • Անհիմն պնդում և ապատեղեկատվություն
  • Հերյուրանք և անհիմն մեղադրանքներ
  • Պիտակում և վարկաբեկում

Տեղեկատվական պատերազմները ժամանակակից ռազմական ուժի բախումներով ուղեկցվող պատերազմների անքակտելի ու կարևոր բաղկացուցիչն են։ Այդուհանդերձ, ըստ բելգիացի պատմաբան Էնի Մորելիի, եթե ռազմական պատերազմներում առնվազն վերջին մեկուկես հարյուրամյակում մարտավարական նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել, ապա տեղեկատվության ոլորտում պատերազմ վարելու սկզբունքները որոշակի կայունություն են դրսևորում։ Մորելին, հիմնվելով պատերազմների ժամանակ քարոզչության կազմակերպման վերաբերյալ բրիտանացի քաղաքագետ Ա Փոնսոնբիի «Սուտը պատերազմի ժամանակ» աշխատության և իր ուսումնասիրությունների վրա, առանձնացրել է քարոզչական 10 հնարքներ («Պատերազմական քարոզչության հիմնական սկզբունքները»[1]), որոնք հանդես են գալիս իբրև քարոզչության կայուն փոփոխականներ։ 2020թսեպտեմբերի 27-ին՝ ԼՂՀ և ՀՀ դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող քարոզչության վերլուծությունը նույնպես վկայում է վերոհիշյալ 10 սկզբունքների կենսունակության մասին։

Սկզբունք 1 Մենք պատերազմ չենք ուզում

Այս սկզբունքը պատերազմ սանձազերծող կողմը կիրառում է ինչպես պատերազմի նախապատրաստական, այնպես էլ պատերազմը սկսելու սկզբնական փուլում։ Նշված սկզբունքի կամ հնարքի հասցեատերը հիմնականում արտաքին լսարանն է՝ միջազգային հանրությունը և միջազգային հաստատությունները։ Նպատակն է՝ թմրեցնել վերջիններիս զգոնությունն ու ձևավորել վստահություն։ Ուստի նշված հնարքը հաճախ ուղեկցվում է կոնֆլիկտային իրավիճակը խաղաղ միջոցներով լուծելու խոստումներով և այն կարգավորելու մասին պատրաստակամության հայտարարություններով։ Միաժամանակ միջազգային սուբյեկտներին ուղղված հուշում-հայտարարություններ են ուղղվում, որ իբր հակառակորդ կողմն է հրահրում պատերազմական տրամադրություններ և ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել պատերազմելու մտադրությունից։ Սա, այսպես ասած, հակառակորդից՝ որպես պատերազմի պոտենցիալ հրձիգի կերպարի ստեղծման հնարք է, որը մի կողմից փարատելու է պատերազմի սանձազերծման իրական մեղավորի վերաբերյալ կասկածները, մյուս կողմից երաշխավորելու է միջազգային աջակցությունը՝ պատերազմն իրական սանձազերծողին։ 

2020թ սեպտեմբերի 27-ին նախորդած շրջանում Ադրբեջանի կողմից իրականացված քարոզչությունը տառացիորեն համապատասխանում է վերոհիշյալ սկզբունքի տրամաբանությանը։ Իր երկրի ներսում հակահայկական քարոզչություն ծավալելով և Հայաստանին պատերազմով սպառնալու ուղերձներին զուգահեռ, միջազգային ատյաններում Ադրբեջանը առնվազն վերջին 6 տարիներին մշտապես հրապարակավ հանդես է եկել ղարաբաղյան կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին։  Մյուս կողմից, Ադրբեջանի իշխանությունները շարունակ մեղադրել են Հայաստանին պատերազմի պատրաստվելու և ագրեսորի վարքագիծ ունենալու մեջ։ Այդ առումով ամենաթարմ փաստը ՄԱԿ-ի վեհաժողովում 2020թ սեպտեմբերի 22-ին Ի Ալիևի հայտարարությունն էր, որ իբր Հայաստանը պատրաստվում է իր դեմ պատերազմի։ Ադրբեջանական կողմը նման քարոզչությամբ զբաղված էր նաև պատերազմ սանձազերծելու նախօրեին։

Սկզբունք 2 Պատերազմի ողջ պատասխանատվությունը կրում է հակառակորդ կողմը

Պատերազմները հարուցում են մարդկային զոհեր, տնտեսական ու նյութական վիթխարի կորուստներ, որոնց համար դրանք սանձազերծողները ենթակա են պատասխանատվության՝ ինչպես հակառակորդի և սեփական ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության առջև։ Հետևաբար, պատերազմ սանձազերծող կողմը հակված է սանձազերծման մեղքը բարդելու հակառակորդ կողմի վրա կամ փորձում է «վկայակոչել» հակառակորդի կողմից պատերազմ հրահրելուն վերաբերող այնպիսի փաստարկներ, որոնք անխուսափելի են դարձնում իրենց կողմից պատերազմ սկսելը։

Ադրբեջանի պարագայում կիրառվում է առաջին տարբերակը։ Դա հաստատվեց նաև 29092020թ Ռոսիա 1 ալիքի «60 րոպե» հաղորդաշարի հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի տված հարցազրույցում, երբ  վերջինս պատերազմ սանձազերծելու և դրա հետևանքների համար պատասխանատվությունը բարդեց հայկական կողմի վրա։

Իրականում սակայն, ինչպես նշում է բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը «Հայկական կողմը 1990-ականներին հաղթել է պատերազմը և ստացել այն տարածքը, որը ցանկանում է։ Նրանց մոտիվացիան ստատուս քվոն պահպանելն է»։ Դե Վաալի պնդմամբ «Ադրբեջանն առաջինն է ռազմական գործողություններ սկսել Արցախ-Ադրբեջան շփման գոտում»։ Բացի այդ, մի շարք փաստեր, ինչպես օրինակ՝ պատերազմը մեկնարկելուց օրեր առաջ Ադրբեջանում pick-up տեսակի մեքենաների հավաքագրումը, պահեստազորի՝ չհայտարարված զորակոչի անցկացումը, թուրք-ադրբեջանական ռազմական օդուժի ակտիվ տեղաշարժերը` Հայաստանի ու Արցախի սահմանամերձ շրջաններում, դեպի Ադրբեջան՝ սիրիացի գրոհային վարձկանների տեղափոխման մասին օտարալեզու և ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները վկայում են պատերազմի պատրաստվելու գործողությունների մասին։ Տարակուսանք է հարուցում նաև պատերազմ սկսելու օրը՝ վաղ առավոտյան ՝ ռազմական գործողությունների տարածքում թուրքական երկու լրատվամիջոցների ներկայացուցիչների գտնվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների սփռած տեղեկատվությունը։ Ենթադրվում է, որ նրանք նույնպես վաղօրոք տեղեկացված են եղել նախատեսվող պատերազմի մասին։

Սկզբունք 3 Հակառակորդ կողմի առաջնորդն իսկական հրեշ է։

ԷՄորելին գրում է «Չի կարելի մարդկային որևէ խմբին ատել ամբողջությամբ, նույնիսկ, եթե այն ներկայացվում է որպես թշնամի։ Այդ պատճառով ավելի արդյունավետ է ատելությունը կենտրոնացնել թշնամու առաջնորդի վրա՝ ստեղծելով նրա տարօրինակ, անընդունելի կերպար»։ Ադրբեջանի պարագայում դա դրսևորվում է Ն Փաշինյանի՝ որպես թույլ, արտաքին ուժերի կողմից կառավարվող, անհավասարակշիռ առաջնորդի կերպար ձևավորելու մեջ։ Ի դեպ, 29092020 թ. Ռոսիա 1 ալիքի 60 րոպե հաղորդաշարի հարցազրույցի ժամանակ Ի Ալիևը Ն Փաշինյանին և Հայաստանի իշխանություններին մեղադրեց սորոսական վարձկաններ լինելու մեջ։

Ադրբեջանի պարագայում, սակայն, ատելության և պիտակումների թիրախ է դառնում նաև հայությունը։ Այս հնարքը հիմնականում ներքին օգտագործման հնարք է, որպեսզի պատերազմ սանձազերծած կողմի զինվորները խղճահարություն չտածեն հակառակորդի զինվորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց նկատմամբ, մտածելով, որ մարդկանց չեն սպանում, այլ անմարդկային արարածների։

Սկզբունք 4 Մենք կռվում ենք բարի նպատակների համար ու ոչ թե մեր շահի

Պատերազմ սանձազերծող կողմը հաճախ հայտարարում է, որ իր նպատակը արդարության, իրավահավասարության, իր ժողովրդի համար բարեկեցիկ ու կյանքի արժանի պայմանների ստեղծումն է, որ իբր այդ ամենն ապահովելու ճանապարհին հիմնական խոչընդոտն ու մեղավորը հակառակորդ կողմն է։ Իրականում, սակայն պատերազմ սանձազերծող կողմն  ունենում է այլ բնույթի նպատակներ, որոնց իրականացումը սովորաբար ավելի կարևոր է, քան վերը թվարկված խոստումների կատարումը։ Այդ նպատակները կարող են վերաբերել պատերազմը խրախուսող էլիտայի տնտեսական տարբեր օգուտներին, ինչպես նաև ներքին քաղաքական հեղինակությունն ու ազդեցությունը վերականգնելուն կամ զորացնելուն։ Հենց վերջինս էլ հանդիսանում է Ադրբեջանական կողմի՝ ագրեսիայի դիմելու պատճառներից գլխավորը, ինչն Ադրբեջանի ղեկավարները սքողում են ադրբեջանցիների իրավունքներն ու պատմական արդարությունը վերականգնելու մասին խոստումներով։

Սկզբունք 5 Թշնամին միտումնավոր չարագործություններ է գործում, իսկ մենք՝ միայն պատահաբար

Քարոզչական այս հնարքը կիրառվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին լսարանի համար։ Նշված հնարքը սովորաբար ներառում է քաղաքացիական բնակչությանը, ծերերին, կանանց ու երեխաներին, քաղաքացիական շինությունները թիրախավորելու համար հակառակորդ կողմի հասցեին հնչեցվող մեղադրանքները։ Արտաքին լսարանի պարագայում սովորաբար նպատակ է հետապնդվում հակառակորդին՝ վայրենի, պատերազմական էթիկային չհետևող ներկայացնելու համար, որի արդյունքում պատերազմ սանձազերծողը նաև ակնկալում է միջազգային հանրության շրջանում հակառակորդ կողմի նկատմամբ անբարենպաստ տրամադրությունների և քննադատական վերաբերմունքի ձևավորումը։ Ներքին լսարանի պարագայում այս հնարքի նպատակը սեփական ժողովրդի մեջ հակառակորդի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության բորբոքումն է։

27092020թ սանձազերծված պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական իշխանությունները սկսեցին մեղադրանքներ հնչեցնել հայկական զինված ուժերի կողմից՝ Ադրբեջանի խաղաղ բնակիչներին թիրախավորելու մասին։ Այնինչ, պատերազմը սկսելուց քիչ անց ԼՂՀ Ստեփանակերտ և Մարտունի քաղաքների վրա եղան անօդաչու սարքերի  և հրետանու հարվածներ, որոնց հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր խաղաղ բնակիչների շրջանում, այդ թվում երեխաներ և կանայք (1, 2)։ Բացի այդ, գնդակոծվեցին նաև կրթական հաստատություններ ու բնակելի տներ։

Միևնույն ժամանակ հայկական կողմը բացահայտեց, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց ռազմական տեխնիկան միտումնավոր տեղակայել են ադրբեջանաբնակ բնակավայրերում, որպեսզի դժվարացնեն դրանց հրետանակոծումը, իսկ վերջինիս դեպքում առիթ ունենան հայկական կողմին մեղադրելու քաղաքացիական խաղաղ բնակչությանը թիրախավորելու համար։ Կռահելով այդ արկածախնդրական մոտեցման հետևանքները ՀՀ և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ վերոհիշյալ փաստերի հիման վրա կազմված բողոքով։ ՄԻԵԴ-ը դրանց հիման վրա կայացրեց միջանկյալ որոշում, որում դատապարտվում է նման վարքագիծը։

Շարունակելի ․․․

Նիկոլ Մարգարյան

01.10.2020

 

 



[1] Morelli A. Principes élémentaires de propagande de guerre (utilisables en cas de guerre froide, chaude ou tiède...)ÉDITIONS LABOR, 2001