ԱԲՈՎՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

...

Բաղադրություն

  • Երկակի ստանդարտներ
  • Փաստերի և հասկացությունների խեղաթյուրում

 

Օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին նախագահ, Երկրապահ կամավորության միության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությունը բուռն արձագանք ստացավ հասարակության տարբեր խմբերի կողմից։ Սասուն Միքայելյանն անդրադարձել էր Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կառավարող մեծամասնության թեկնածուի պարտությանը, քրեաօլիգարխիկ համակարգի առկայության խնդրին և իր ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերություններին։ Լրատվական կայքերում և ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկում էին Սասուն Միքայելյանի հայտարարությունն առ այն, որ եթե իշխանությունները դասեր չքաղեն, ապա թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում։

ԴԵՏԵԿՏՈՐԸ Սասուն Միքայելյանի հայտարարություններում նկատել է մանիպուլյացիոն մի քանի հնարք. «Երկակի ստանդարտների կիրառում», «Էմոցիայի շահարկում» և այլն:

 

Մեր հիմնավորումները

ՏԻՄ վերջին ընտրությունները և մասնավորապես՝ Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրությունները յուրատեսակ լակմուսի թուղթ էին և հստակ ցուցիչ, որ ոչ բռնի, թավշյա  հեղափոխությունն իր օրակարգով դեռևս չի հասել վերջնական հանգրվանի,  ավելին՝  որոշ լոկալ մակարդակներում  պարտվում է լոկալ քրեաօլիգարխիկ համակարգերին, որոնք ամեն կերպ դիմադրում և պահպանում են իրենց դիրքերը։ Հեղափոխությունից հետո արդեն երկրորդ դեպքն էր, որ կառավարող մեծամասնության առաջադրած թեկնածուն պարտվում էր ՏԻՄ ընտրություններում (նախորդ դեպքը Կապանի քաղաքապետի ընտրությունն էր)։ Իրականում, խնդիրը ոչ թե այդ համայնքներում կառավարող ուժի պարտությունն է, այլ հին, քրեաօլիգարխիկ համակարգի գործիքակազմով և փիլիսոփայությամբ շարժվող մարդկանց և խմբերի հաղթանակը:

Նկատենք, որ նախորդ ամիսներին հանրային հնչեղություն էին ստացել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Աբովյանի քաղաքապետի միջև հարաբերությունները. շատերը դա դիտարկում էին հեղափոխական կառավարության կողմից նախկին հանցավոր վարչախմբի ներկայացուցիչների դեմ պայքարի համատեքստում։ Դրանով Աբովյանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական մեծ նշանակություն էին ձեռք բերել։ Եվ այս համատեքստում բավականին ուշագրավ է Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որտեղ վերջինս նշում է. «....Ինքն (Ռոմանոս Պետրոսյան -  Գ.Մ.) ուզեցել ա մարզում դառնա դեմք, թեկնածություն ա բերել ներկայացրել վարչության նիստին, ես դեմ եմ քվեարկել: Եվ ես չեմ խառնվել ընտրություններին, ընդհանրապես չեմ միջամտել, այսինքն՝ պահել եմ ՔՊ կարգ ու կանոնը: Պլյուս դրան, ես հայտարարել եմ, որ ճանաչում եմ Գրիգորյանին`  գործող քաղաքապետին, ես իրան ճանաչում եմ 98թ-ից, մեր հանձնաժողովի փորձագետն ա եղել երկար տարիներ։  ես ասել եմ՝ պետք չի տանել ցնցումների, ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ ա և այն քաղաքապետերից է, որ բյուջեն գերակատարել է 104-100 տոկոսով: Էսօր ՀՀ-ում նման բան չի եղել: Դա պետք չի բերել ուրիշ դաշտ»։ Այսինքն, կառավարող ուժի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը ոչ միայն ուղղակի աջակցություն է հայտնում Աբովյանի գործող՝ ԲՀԿ օժանդակությունը վայելող քաղաքապետին, այլև  քաղաքական ու գործող որոշ քրեաօլիգարխիկ խմբերի դեմ պայքարի համատեքստում ընթացած այդ ընտրությունները դիտարկում  քաղաքապետի հետ ունեցած իր անձնական ու մտերիմ հարաբերությունների շրջանակում։ Առանձին վերլուծաբաններ, անդրադառնալով Աբովյանի ընտրությունների քարոզարշավի ընդհանուր որակին և գործող քաղաքապետի ու նրա թիմակիցների կողմից կիրառվող՝ քրեաօլիգարխիկ նախկին ռեժիմին բնորոշ տեխնոլոգիաներին, կարծիք են հայտնել, թե ժողովրդավարության մասին պատկերացումները մեզանում թյուր են։ Նկատի ունեն, որ ժողովրդավարական ու մրցակցային ընտրությունների գրավականներից է ոչ միայն ընտրությունների տեխնիկական կողմը, որը Աբովյանի ընտրություններում նույնպես, մեղմ ասած՝ բարձր մակարդակի վրա չի եղել, այլև՝ մարդկանց իրական, այլընտրանքային ընտրության հնարավորության ընձեռումը։  Եվ իսկապես, տարիներ ի վեր խոշոր կապիտալի ազդեցության գոտիներից մեկում՝ Աբովյանում, հասարակական հարաբերություններն այնքան են սահմանափակվել, որ վերածվել են բացառապես այդ օլիգարխի ու նրա կլանի շուրջ տեղի ունեցող գործընթացների։ Այստեղ հարկ է մանրամասնել, որ խնդիրը, ինքնին, խոշոր կապիտալը չէ, այլ կապիտալի ու քաղաքականության  սերտաճումը, երբ ֆինանսա-տնտեսական հնարավորությունները ուղղորդվում և կառավարվում են՝ քաղաքական ֆորմալ և ոչ ֆորմալ ազդեցություններ ձեռք բերելու համար։

Ահա այս համատեքստում Սասուն Միքայելյանը պնդում է, որ ընտրություններում ՔՊ թեկնածուն պարտվել է, որովհետև մարզպետն «իր մարդուն» է դարձրել թեկնածու, «անձնավորել է» ընտրությունները, որովհետև հարգանք չունի Կոտայքի մարզի բնակիչների մոտ։ Փաստացի, Սասուն Միքայելյանը կուսակցության վարչության որոշումը ներկայացնում է որպես մարզպետի որոշում, մինչդեռ  ինքը ներկա է եղել (և դեմ  քվեարկել) ՔՊ վարչության այն  նիստին, որտեղ կուսակցության անունից՝ Աբովյանի քաքապետի ընտրություններին մասնակցելու համար թեկնածու է   առաջադրվել:

Ինչպես նշեցինք, Սասուն Միքայելյանն իր կուսակցության պարտությունն ընտրություններում բացատրում է նրանով, որ մարզպետն իր մարդուն էր բերել։ Պատգամավորն անտեսում է այն փաստը, որ իր հարազատ որդին Հրազդանում ամիսներ առաջ քաղաքապետ է ընտրվել՝  մեծամասամբ իր անձական ջանքերի շնորհիվ, և որ դա չի խրախուսվել իր քաղաքական ուժի կողմից։ Ստացվում է, որ Աբովյանի ընտրությունների դեպքում Սասուն Միքայելյանը  խեղաթյուրում է իրականությունը՝ քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ կուսակցության վարչության որոշումը ներկայացնելով որպես մեկ մարդու որոշում: Իսկ Հրազդանում իսկապես անձնավորվել են ընտրությունները, և այդ անձնավորման հեղինակը հենց ինքը՝ Սասուն Միքայելյանն է:  Սա դասական երկակի ստանդարտների կիրառում է:

 Իր թեզերին գրավչություն հաղորդելու նպատակով Սասուն Միքայելյանը  կիրառում է նաև «Էմոցիայի շահարկում» հնարքը՝ օգտագործելով բացասական լիցքավորում ունեցող այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «դեմք դառնալ», «ցնցումների չտանել», «իներցիայի տակ ձայն տալ», «Ռոմանոս Պետրոսյանի կողինները», և այլն: Միքայելյանը նշում է. «...Օլիգարխիկ կլանը մնում ա Հայաստանում, ոչ թե Աբովյան քաղաքում, մենք մեր գործունեությամբ ինչ-որ բաներ կանխել ենք, կամաց-կամաց պտի  գնանք դրան։ Պլյուս դրան, գնացեք տեսեք ովքեր են Աբովյան Ռոմանոս Պետրոսյանի կողքին՝ Կավալի տղեն։ Կոտայքում հին Հայաստանն է պաչտի»։ Նախ՝ Սասուն Միքայելյանն ուղղակիորեն ակնարկում է, որ մարզպետը նույնպես իր հաճախորդների  ցանցն է ստեղծում, ապա նաև նշում, որ Աբովյանում այդ քրեաօլիգարխիկ համակարգը պահպանվում է: Այսինքն, ըստ Սասուն Միքայելյանի՝ կառավարող ուժի թեկնածուն գործող քրեաօլիգարխիկ համակարգի մասն է, որը հարգանք չունի բնակիչների մոտ, իսկ գործող քաղաքապետը, որը չնայած վայելում է ԲՀԿ աջակցությունը և հին համակարգի մեթոդներով ընտրարշավ էր անում, լավ թեկնածու էր և ուներ հանրային աջակցություն:

 

  Ամփոփում

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների՝ ինստիտուցիոնալիզացված լինելու մասին, մասնավորապես՝ լոկալ մակարդակներում։ Քանի դեռ իրապես արդար ընտրությունների համար ստեղծված չեն օրենսդրական և այլ նպաստավոր պայմաններ, ապա ֆորմալ առումով՝ ազատ ընտրությունների միջոցով կառավարման լծակներին կարող են հասնել հենց քաղաքական մենաշնորհներ ստեղծած, ավտորիտար-օլիգարխիկ հակումներ ու հայացքներ ունեցող անձինք ու խմբեր, ինչը չի կարող նպաստել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։

 

Հեղինակ՝ Գոռ Մադոյան

16-07-2019