2008թ. ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ. ՄԱՍ 2

...

Բաղադրություն

  • Անհիմն պնդում և ապատեղեկատվություն
  • Իրավական քննարկման խեղաթյուրում
  • Զինված ուժերի` ներպետական հարցերով օգտագործումը ՀՀ-ում թույլատրված լինելու մասին պրոպագանդա
  • Ցանկալին որպես իրականություն մատուցում

    

Ներպետական օրենսդրություն

 

Հայկ Ալումյանի վկայակոչած՝ 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 8.2 հոդվածն ունի հետևյալ տեսքը. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

Տվյալ հոդվածում օգտագործվող տերմինները ճիշտ մեկնաբանելու համար անհրաժեշտ է ընթերցել 1997թ. ընդունված՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը /ներկայացնում ենք 2008թ. դրությամբ առկա փոփոխություններով/: Այդ օրենքի նախաբանը նշում է, որ օրենքը սահմանում է  «…Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ` զինված ուժեր) դերն ու խնդիրները, դրանց կառուցվածքը և ղեկավարումը, պաշտպանության բնագավառում օրենսդրության խախտումների համար պատասխանատվությունը:

Այսպես, նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Զինված ուժերը կոչված են զինված հարձակմանը դիմակայելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) համաձայն խնդիրներ լուծելու համար»:

Այսինքն, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, որը կարգավորում էր 2008թ. զինված ուժերի դերն ու խնդիրները, դրանց կառուցվածքը և ղեկավարումը, սահմանված էր, որ զինված ուժերն օգտագործվում են բացառապես ՀՀ արտաքին անվտանգությանը սպառնացող վտանգների դեպքում, ինչպես նաև միջազգային պայմանագրերին համաձայն՝ զինված առաքելություններ իրականացնելիս:

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի և Սահմանադրության 8.2 հոդվածի համադրված վելուծությունից բխում է, որ 2005թ. Սահմանադրության 8.2 հոդվածում նշված՝ «անվտանգություն» տերմինը ենթադրում է բացառապես «արտաքին անվտանգություն»:

Ինչ վերաբերում է ներքին անվտանգությանը, ապա 2008թ. դրությամբ գործող օրենսդրությամբ՝ դա պահպանելու իրավասությունը դրված էր Ազգային անվտանգության մարմինների և Ոստիկանության զորքերի (Ներքին զորքերի) վրա:

Այսպես, «Ազգային անվտանգության մարմինների մասին»՝ 2001թ. ընդունված ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, «ԱԱ մարմիններն իրենց իրավասության սահմաններում ապահովում են անձի, հասարակության և պետության անվտանգությունը»: «Ոստիկանության զորքերի մասին ՀՀ օրենքի» (2004թ. խմբագրությամբ) 1-ին հոդվածի համաձայն, ոստիկանության զորքերի առաքելությունն է՝ «պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովել հասարակության և պետության անվտանգությունը» :

Փաստաբան Հայկ Ալումյանը, ամենայն հավանականությամբ տեղյակ լինելով այս իրավական ակտերով նախատեսված կարգավորումներին, լռում է դրանց մասին՝ փոխարենը մեջբերելով «Զինված ուժերում ներքին ծառայության կանոնագիրքը սահմանելու վերաբերյալ» ՀՀ օրենքը, որը խնդրո առարկա հարաբերությունների կարգավորման շրջանակներից դուրս գտնվող իրավական ակտ է: Դրանով կարգավորվում են զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի և նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նաև՝ ներքին կարգուկանոնը:

Ըստ Հայկ Ալումյանի՝ տվյալ Կանոնագրքի որոշ հոդվածների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ զինված ուժերը կարող էին օգտագործվել ներպետական հարցերում: Օրինակ՝ 8-րդ հոդվածում ամրագրված այն դրույթը, որ զինված ուժերը կարող են օգնել իրավապահ մարմիններին՝ օրինականության և իրավակարգի պաշտպանության հարցում, ըստ Ալումյանի ենթադրում է, որ զինված ուժերը կարող են ներգրավվել ներքին անվտանգության ապահովման գործողություններում: Կամ օրինակ այն, որ Կանոնագրքի 22-րդ հոդվածով սահմանված է, որ «Մարտական հերթապահության (մարտական ծառայության), օրվա և կայազորային վերակարգի մեջ գտնվող, ինչպես նաև տարերային աղետների հետևանքների վերացման համար ներգրավված կամ այլ արտակարգ վիճակներում գտնվող զինծառայողները կատարում են հատուկ պարտականություններ»՝ նշանակում է, որ զինված ուժերը ներգրավվում են ներքին անվտանգության հարցերում: Հայկ Ալումյանը ճիշտ այդպիսի ակնարկ տեսնում է նաև 11-րդ հոդվածում, որում նշվում է, որ զինծառայողը, որպես ծայրահեղ միջոց, զենք գործադրելու իրավունք ունի՝ պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով:

Հայկ Ալումյանը սույն նորմերը մեջբերելով կատարում է յուրօրինակ cherry picking, այն է՝  իր պաշտպանյալին ձեռնտու օրենքի ձևակերպումների ընտրություն և  կամայական՝ իր պաշտպանյալին ցանկալի լույսի ներքո մեկնաբանում: Նա գիտակցաբար անտեսում է այն փաստը, որ նորմերը կազմում են նորմատիվ համակարգեր և այդ համակարգերից մեկուսի գոյություն չունեն: Օրինակ, եթե «lex special» (հատուկ)  նորմով զինված ուժերի օգտագործման դեպքերը հստակորեն կանոնակարգված են տվյալ պարագայում՝ Սահմանադրությամբ և «Պաշտպանության մասին» օրենքով, ապա չեն կարող այլ իրավական ակտի անուղղակի ձևակերպումները հիմք դառնալ՝ զինված ուժերի օգտագործման դեպքերը քննարկելու և եզրահանգումներ կատարելու համար:

Այսինքն, Ալումյանի կողմից նշված Կանոնագրքի 8-րդ հոդվածով նախատեսված՝ իրավապահներին ցուցաբերվող «օգնությունը» զինված ուժերի կողմից, չի ենթադրում, որ վերջիններս իրականացնում են, օրինակ՝ օպերատիվ-հետախուզական կամ օպերատիվ-փնտրողական գործողություններ, որոնք օրենսդրությամբ վերապահված չեն իրենց, այլ ընդամենը ենթադրում է, որ զինված ուժերը տեխնիկական, ինֆորմացիոն, ոչ ուժային աջակցություն պետք է ցուցաբերեն իրավապահպան մարմիններին:

Ինչ վերաբերում է 22-րդ հոդվածին, որում նշվում է, որ զինծառայողները կրում են հատուկ պարտականություններ, եթե ներգրավված են տարերային աղետների հետևանքների վերացմանը կամ այլ արտակարգ իրավիճակներում են գտնվում, ապա սա չի կարող մեկնաբանվել այնպես, կարծես խոսքը Սահմանադրությամբ նախատեսված արտակարգ դրության մասին է: 1999թ. ընդունված՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին մասում արտակարգ իրավիճակ հասկացությանը տրվում է հետևյալ բնորոշումը. «Որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման»: Նշված օրենքը չի սահմանում որևէ հիմք, որով զինված ուժերը պետք է ներգրավվեն տարերային աղետների հետևանքների վերացման աշխատանքներում: Իսկ արտակարգ իրավիճակում, այսինքն՝ տարերային աղետի պայմաններում, զինված ուժերը կարող են գտնվել այնպես, ինչպես յուրաքանչյուր ոք, ով հանգամանքի բերմամբ գտնվում է աղետի գոտում: Եվ ողջամիտ է, որ նման  դեպքերում զինված ուժերի զինծառայողները կարող են պաշտպանվել և պաշտպանել այլ քաղաքացիների ևս, որը չի կարող մեկնաբանվել իբև զինված ուժերի կողմից օրենքով սահմանված կարգով ներքին անվտանգության ապահովում կամ նրանց ներգրավում՝  ներքին անվտանգության ապահովման գործին: Իսկ 11-րդ հոդվածում հիշատակված՝ «պետական օբյեկտների պաշտպանություն» եզրույթն ամենևին չի ենթադրում, որ զինված ուժերն ունեն ներքին անվտանգության ապահովման գործառույթ, ո՛չ,  նրանք ունեն կոնկրետ օբյեկտների պահպանության՝ օրենքով սահմանված   առաքելություն, որը բոլորովին կապ չունի պետության ներքին անվտանգության ապահովման գործառույթի հետ: Մինչդեռ, Ռ. Քոչարյանի՝ 2008թ. մարտի 1-ի ՆՀ 35-Ն հրամանագրով, զինված ուժերը, փաստացի, ապահովել են ներքին անվտանգությունը:

Հայկ Ալումյանի պնդմամբ, 21.03.2012թ. ընդունված՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին ՀՀ օրենքը ևս թույլատրում է որոշ դեպքերում ներգրավել զինված ուժերը՝ արտակարգ դրության իրավական ռեժիմից բխող խնդիրներ իրականցնելու համար: Համաձայնելով նրա հետ՝ անհասկանալի է մնում, թե ինչու է փաստաբան Ալումյանը հղում կատարում մի իրավական ակտի, որը գոյություն չի ունեցել 2008թ. մարտի 1-ին, երբ նրա  պաշտպանյալին վերագրված մեղադրանքը 2008թ. փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների և այդ ժամանակ գործող օրենսդրության խախտումների մասին է: Գիտակցելով սա, Ալումյանը, այնուամենայնիվ, փորձում է մանիպուլյատիվ կերպով 2012թ. ընդունված օրենքը ներկայացնել ՀՀ զինված ուժերի կիրառման իրավական թույլատրելիության լույսի ներքո: Մինչդեռ իր նախաձեռնած քննարկման առարկան սահմանափակված է կոնկրետ ժամանակատարածքային միավորով՝ ՀՀ-ում 2008թ. փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած դեպքերով, և 2012թ. ընդունված օրենքի վկայակոչումը նշված քննարկման ընթացքում, ոչ այլ ինչ է՝ քան 2008թ. մարտին զինված ուժերի օգտագործումն արդարացնող քարոզ:

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

15-09-2019