«ԳՈՐԾԱՐԱ՞Ր», ԹԵ՞ ՄԻԱՅՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ

...

Բաղադրություն

  • «Սեփականատեր», բայց ոչ «գործարար» մանիպուլյացիան
  • Բարենպաստ համատեքստում հանրային հեղինակության կարծիքը ցիտելը

 

Հունվարի 14-ին՝ Ազգային Ժողովում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողի հարցին ի պատասխան, ասել է. «Ես գործարա՞ր եմ քո համար: Ես սեփականատեր եմ, որի համար ձեզ ասում եմ, որ այսօր Ծառուկյանը ոչ թե անհատ պատգամավոր է, որ եկել է, այլ կուսակցության ղեկավար, որը հանդիսանում է քաղաքական դաշտում երկրորդ քաղաքական ուժը: Թեման փակ է, անիմաստ է դրա մասին խոսել»:

Ապրիլին՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումների ժամանակ, որով սահմանվում էր ներկրվող ցեմենտի վրա պետական տուրքը բարձրացնելու դրույթը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնցով ուղղակիորեն լոբբինգ էր իրականացնում՝ իր բիզնես գործունեության համար ձեռնտու պայմաններ ապահովելու նպատակով: Քննարկումների ընթացքում Գագիկ Ծառուկյանը նույնիսկ անձամբ այցելեց «Արարատցեմենտ» ՓԲԸ և փորձեց տեղում կարգավորել բիզնեսի գործունեությունից բխող կրճատումների դեմ բողոքող քաղաքացիների հետ հարաբերությունները՝ տալով հավաստիացումներ ու խոստումներ աշխատակիցներին և կարգադրություններ՝ ՓԲԸ տնօրինությանը:

Ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝  ի դեմս կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմեց դատախազություն և ներկայացրեց հետևյալ տեսանյութերը (1, 2)՝ որպես իրեղեն ապացույցներ այն բանի, որ Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, խախտելով Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջը, զբաղվել է պատգամավորական մանդատի հետ անհամատեղելի բիզնես գործունեությամբ և կատարել քրեորեն արգելված արարք՝ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու) հատկանիշներով:

ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրել է, որ պարոն Ծառուկյանը, հիմնավորելու համար իր գործարար չլինելը, դիմել է  հետևյալ մանիպուլյատիվ հնարքներին.
 

 

  • ՀՀ վարչապետի՝ «Ծառուկյանը խոշոր սեփականատեր է» խոսքն իր համար բարենպաստ համատեքստում  վկայակոչելը,
  • պետական պաշտոնի միջոցով հարստացածների նկատմամբ հանրության մեջ առկա բացասական էմոցիաներն օգտագործելը։ 

 

Մեր հիմնավորումները

 

Պարոն Ծառուկյանի պնդումը, որ ինքը սեփականատեր է, բայց գործարար չէ՝ խնդրահարույց է։ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների» մասին ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «ընկերության մասնակիցը մասնակցում է ընկերության հետ կապված շուրջ 15 կարևոր որոշումների ընդունման պրոցեսին»։ Օրենքի այս դրույթն ընկնում է քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով՝ ձեռնարկատիրական գործունեությանը (գործարարությանը) տրված սահմանման ներքո։   

Համաձայն իր պաշտոնական կայքում զետեղված կենսագրական տվյալների՝ Գ. Ծառուկյանը մինչ օրս շահույթ հետապնդող «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռն ՍՊԸ հիմնական մասնակիցն է[1] և տնօրինում է կազմակերպության հիմնական բաժնետոմսերը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «գործարարություն» կամ նույնն է թե՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սույն նորմի գիտագործնական մեկնաբանությունից բխում է, որ ձեռնարկատիրական գործունեությունը (գործարարությունը)` ա/ սեփական ռիսկով իրականացվող գործունեություն է,
 
բ/ ուղղված է պարբերաբար շահույթ հետապնդելուն[2]։

ՀՀ օրենսդրական կարգավորման տրամաբանության շրջանակներում նույնիսկ էական չէ՝ անձը հավատարմագրային կառավարման է հանձնում իր գույքը, թե՞ ոչ։ Պատճառն այն է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածի իմաստով՝ գույքի հավատարմագրային կառավարումը ենթադրում է պայմանագրով մեկ կողմի (Կառավարման հիմնադիր) որոշակի ժամկետով գույքի հանձնում մյուս կողմի (Հավատարմագրային կառավարչի) հավատարմագրային կառավարմանը, որը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ կառավարման հիմնադրի կամ նրա նշած անձի (շահառուի)։ Հավատարմագրային կառավարիչն, ինքնին, այդ գույքից ստացվող եկամտուների շահառուն չէ և չի կարող լինել այդպիսին։ Նա չի գործում սեփական ռիսկով, այլ՝ բացառապես Կառավարման հիմնադրի ցուցումով։

Վճռաբեկ դատարանն իր վարույթում եղած «թիվ ՎԴ3/0169/05/08» գործով նախադեպային իրավական դիրքորոշում է հայտնել, ըստ որի՝ անհատի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմնական պայմանը «շահույթ (եկամուտ) ստանալու նպատակ հետապնդելու՝ ի սկզբանե ունեցած մտադրության առկայությունն է, և ոչ թե փաստացի շահույթ (եկամուտ) ստանալու փաստի առկայությունը, քանի որ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում փաստացի շահույթ (եկամուտ) ունենալու կամ չունենալու հանգամանքը հանդիսանում է անձի ձեռնարկատիրական ռիսկը»։

Այս ամենից ենթադրվում է, որ պարոն Ծառուկյանը դե ֆակտո ոչ թե որոշակի անշարժ գույքերի պասիվ սեփականատեր է, այլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնորոշմամբ՝ գործարար:

Իսկ Սահմանադրության 95-րդ հոդվածի համաձայն՝ «պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:

Անհրաժեշտ է նաև նշել, որ պարոն Ծառուկյանի պնդումը  իր՝ գործարար չլինելու մասին, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև պարունակում է մանիպուլյատիվ տարրեր։ Հնչեցնելով «սեփականատեր եմ, բայց գործարար չեմ» միտքը, Ծառուկյանը  կրկնում է իր գործունեության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած՝ «պարոն Ծառուկյանը խոշոր սեփականատեր է» կարծիքը։ Այսինքն՝ սեփական խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար, նա անուղղակիորեն հիշեցնում է հանրությանը, որ նույնիսկ վարչապետի նման հեղինակավոր անձն է իրեն համարում «սեփականատեր» և չի օգտագործում «գործարար» եզրույթը, թեև, վարչապետն ուղղակիորեն չի անդրադարձել այդ խնդրին. նա չի ասել՝ Ծառուկյանը գործարար է, և  ոչ էլ ասել է՝ գործարար չէ։

Ամփոփելով՝ կարելի է պնդել, որ Ծառուկյանը մանիպուլյատիվ հնարքներով խուսափում է «գործարար» լինելու վերաբերյալ իրեն տրված առարկայական հարցից։ Այդպիսի մոտեցումը հարիր չէ դեմոկրատական երկրներում առկա բացախոսության մշակույթին, որին ձգտում է նաև հետհեղափոխական հայկական հանրույթը:

Հ.Գ. Սույն վերլուծությունը, վերաբերելի է նաև որոշ գործարարների փաստարկներին, որոնք պնդում էին, թե իբրև «սեփականատերեր», իրավունք ունեն «ներթափանցել»՝ իրականում իրենց գործունեության հետ անհամատեղելի պետական պաշտոններ։

 

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

02-05-2019

 

 



[1]Կոնցեռնը»՝ ձեռնարկությունների երկարաժամկետ միավորում է, որը կազմակերպաիրավական առումով հանդես է գալիս որպես «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն»։ Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «e-register.am»-ի տվյալների «Մուլտի Գրուպ» կոնցեռնն ունի «ՍՊԸ»-ի կազմակերպաիրավական կարգավիճակ;

* «Ընկերության մասնակիցը»՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ընկերության մասնակից են համարվում ընկերության պետական գրանցման պահից ընկերության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք»։,

[2]  Տ. Կ. Բարսեղյան, Գործարարական իրավունք, Եր., 2001, էջ 33։