«ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

...

Բաղադրություն

  • Պնդումների կառուցում խեղաթյուրված կամ համատեքստից կտրված փաստերի հիման վրա
  • Էմոցիայի շահարկում
  • Հասկացույթի «բովանդակության» և «ձևի» միախառնում
  • Առերևույթ անհիմն «հիմնավորումների» ներկայացում
  • Հանիրավի ընդհանրացում

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին ՀՀ օրենքի նոր խմբագրմամբ նախագծով նախատեսվում է նախարարությունների թվի կրճատում. նախկին՝ 17 նախարարության փոխարեն, ըստ նախագծի,  այսուհետ կգործի 12-ը։ Ընդորում՝ սփյուռքի, մշակույթի, սպորտի և երիտասարդության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը որպես առանձին նախարարություններ, ինչը կհանգեցնի հաստիքների և աշխատողների մեծաքանակ կրճատումների։

Դեկտեմբերի 22-ին Վանաձորում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ըստ էության, ես ժողովրդից ստացել եմ մանդատ՝այդ պրոցեսն իրականացնելու համար: (․․․) Կներեք, բայց  պետական կառավարման համակարգի համար վճարում են հարկատուները: Եվ հարկ վճարողները կարող են հույս ունենալ, որ իրենց գումարները ծախսվում են առավել արդյունավետ: Որովհետեւ այսօր, ամեն ընտրությունից  հետո, ով ում համար, այսպես ասած՝ 4-5 ձայն է բերել, տարել են մի տեղ, մի հատ պաշտոնի են դրել, եւ պետական կառավարման համակարգը ուռճացել, դարձել է եսիմ ինչ: Հայաստանում աշխատանք ասելով սովորաբար հասկացել են՝մի հատ պետական գործ լինի, գնան-աշխատեն: Ո՛չ, մենք հնարավորություն ենք ստեղծում, որ ամեն մարդ ինքն իր համար աշխատանք ստեղծի, եթե այլ առաջարկ իրեն չկա»: 

Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ 5 նախարարության կրճատում և հավելել. «Ոչ թե ավտոմատ կրճատվելու է նախարարությունների թիվը, այլ բովանդակային փոփոխություն է տեղի ունենալու և այդպիսով, նաև նախարարների՝գործառութային իմաստով փոփոխություններ են տեղի ունենալու, որովհետև ընդլայնվելու է պատասխանատվության շրջանակը»։

ԴԵՏԵԿՏՈՐԸ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի փաստարկներում հայտնաբերել է խնդրահարույց արտահայտություններ, որոնք, ըստ էության, խանգարում են ողջամիտ և ռացիոնալ քննախոսության ծավալմանը։

 

Մեր հիմնավորումները

Դեմոկրատական հանրույթներում քաղաքական իշխանության ստացած  մանդատն ուղղակիորեն կապված է այն նախընտրական ծրագրերին, որոնք առաջ է քաշում տվյալ կուսակցությունը, և որոնց համար քվեարկում են ընտրողները: Այս առումով, ծրագրերի բավանակաչափ հստակ ձևակերպված և որոշակի լինելըընտրողի մոտ ստեղծում է լեգիտիմ ակնկալիք և կանխատեսելիություն՝ ապագա քաղաքական իշխանության գործողությունների վերաբերյալ։

Նախընտրական ծրագրի իրականացման կամ չիրականացման համար քաղաքական իշխանությունը կրում է քաղաքական պատասխանատվություն՝ իր ընտրողների առջև։

26.11.2018թ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքում հրապարակվեց «Իմ Քայլը» նախընտրական դաշինքի (որի մասն է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը) ծրագիրը։  Ծրագրում նշված չէր, որ պետական ապարատում սպասվում են հաստիքների և աշխատատեղերի կրճատումներ։ Նախընտրական շրջանում ևս, «Իմ Քայլը» դաշինքի ցուցակում ներառված պատգամավորության թեկնածուներից և ոչ մեկի ծրագրային ելույթում կամ բանավեճի ընթացքում որևէ անդրադարձ չի եղել պետական ապարատում սպասվող հնարավոր կրճատումների վերաբերյալ։

Նույնիսկ կառավարության 23.11.2018թ. նիստում Փաշինյանն իր ելույթում   հարկ եղած  հստակությամբ չի նշել հաստիքների և աշխատատեղերի սպասվելիք կրճատումների մասին, այլ ընդամենը տեղեկացրել է, որ հնարավոր է 5 նախարարությունների կրճատում և միավորում այլ գերատեսչությունների հետ. թե կոնկրետ  որ  նախարարությունների մասին էր խոսքը՝ ոչինչ չի ասվել:

Արդեն ընտրություններից հետո՝ 22.12.2018թ., վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը նշում է, որ ժողովուրդն իրեն տվել է «կրճատումների իրականացման»  մանդատ։

Նիկոլ Փաշինյանը միախառնում է «մանդատ» հասկացության ձևական և բովանդակային առումները։ Ձևական առումով՝ «մանդատ» հասկացությունը ենթադրում է ընտրողի կողմից ընտրաքվեի միջոցով ներկայացուցչական կառավարման մարմնի ձևավորում, պաշտոնատար անձանց հանրային-իշխանական գործառույթի պատվիրակում։

Բովանդակային առումով՝ «մանդատը» ենթադրում է ընտրաքվեի և ընտրական ծրագրի միջև նպատակամետ կապի առկայություն, այսինքն, ներկայացված նախընտրական ծրագրի և դրա դիմաց ստացած քվեի միջև փոխկապվածություն։

Կասկածից վեր է, որ դեկտեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ստացել են մանդատ՝ ինքնուրույն ձևավորելու քաղաքական իշխանությունը։ Սակայն դեմոկրատական հանրույթներում այդպիսի մանդատը ոչ միայն «ձևական», այլ նաև «բովանդակային» առում ունի։ «Մանդատի» բովանդակային սահմանները կաշկանդված են նախընտրական շրջանում  ձևակերպված հստակ ծրագրերով, մանավանդ, երբ խոսքը  անձի և քաղաքացու սոցիալ-տնտեսական իրավունքների մասին է։ Իսկ նախընտրական ծրագրում, ինչպես արդեն նշել ենք, նախարարությունների կրճատման մասին որեւէ դրույթ չկար:
Բացի «ես ունեմ այդ մանդատը» անորոշ փաստարկից, Նիկոլ Փաշինյանը կայացված քաղաքական որոշումը փորձում է հիմնավորել «հարկատուների գումարների խնայողությամբ», և, քանի որ, ըստ նրա՝ նախկին իշխանությունների օրոք 4-5 «ձայն բերած» անձինք պետական համակարգում տեղավորվել են աշխատանքի, նաև այդ պատճառով, որոշ նախարարությունների գոյությունը համարում է ոչ արդյունավետ։ Վերջին պնդումը վարչապետի կողմից որոշակի մասնավոր դեպքի հանիրավի ընդհանրացում է, որը փաստարկ չի
կարող համարվել՝ կրճատումների օգտին հիմնավորումներ բերելու քննարկման ընթացքում։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը շահարկում է նախորդ իշխանությունների նկատմամբ հանրության մեջ ձևավորված բացասական վերաբերմունքը, ինչպես նաև՝ նախկին քաղաքական իշխանության օրոք պետական ապարատում առկա արատավոր դրսևորումները։
            Ինչ վերաբերում է «գումարների խնայողության» փաստարկի հիմնավորմանը, ապա այն ևս, ըստ էության, սուբյեկտիվ-գնահատողական է
: Օրինակ, ողջամիտ հարց է առաջանում. ինչու՞ են վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և իր թիմը որոշել հարկատուների գումարները խնայել նախարարությունների աշխատատեղերի և հաստիքների կրճատման հաշվին, եթե կարող էին խնայել այլ ոլորտներում առկա ծախսերի կրճատմամբ։ Կամ՝ ինչու՞ հարկատուն չպետք է վաղօրոք տեղյակ լինի, թե ինչպես և ինչի հաշվին է քաղաքական իշխանությունը որոշել խնայել «իր գումարները»։ Մանավանդ, որ այդ հարկատուներից են նաև պետական ապարատում աշխատողները, որոնց հաստիքներն ու աշխատատեղերը «խնայողության» պատրվակով կրճատվում են։

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

17-01-2019