ԱՌԱՋՆՈՐԴԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Էդգար Վարդանյան

...

Բաղադրություն

  • Երկխոսության բացառում
  • Էմոցիայի շահագործում հանրային վարք կամ դիրքորոշում ձևավորելու նպատակով
  • Պնդումների կառուցումը բարոյականության հարթությունում
  • Մեսիականություն

Առաջնորդամոլության պրոպագանդան Հայաստանում

 

 

 

Վերջին շրջանում իշխող քաղաքական վերնախավի մի շարք ներկայացուցիչների կողմից ակտիվորեն շրջանառվում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին թեզը: Օրինակ, Գալուստ Սահակյանը 2017թ սեպտեմբերին հայտարարել էր՝ «Երկրի հետագա կառավարումն անհրաժեշտ է հանձնել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ուրիշ երկրորդ մարդ չկա»: «Կյանքն է ապացուցել: Այս 30 տարիներն ապացուցել են, որ Սերժ Սարգսյանը իսկապես անփոխարինել է»` նշել է Սուրիկ Խաչատրյանը: «Սերժ Սարգսյանը անթերի քաղաքական գործիչ է» հայտարարել է Տաճատ Վարդապետյանը, իսկ գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է. «Նա անփոխարինելի է իր փորձով, իր գիտակությամբ, էսօր եթե ինձ կարենաք մի մարդու անուն ասել հանրապետության մեջ, բացի իրանից, որ Ալիևի կամ Ադրբեջանի հետ Արցախի հարցով կարենա բաներ տանի, ինձ ասեք»:

Էդուարդ Շարմազանովը, իր հերթին, պարզաբանել է՝ «Երբ հանրապետական իմ գործընկերներն ասում են՝ անփոխարինելի, նկատի չունեն, որ մեր կուսակցության առաջնորդը չլինի՝ աշխարհը շուռ կգա կամ կյանքը կանգ կառնի Հայաստան աշխարհում: Երբ ասում ենք՝ անփոխարինելի, նկատի ունենք, որ այսօր գործող քաղաքական գործիչների կազմում իրենից ավելի լավ՝ մեր կարծիքով, ոչ մեկ չի կարող իրականացնել քաղաքական լիդերի պարտականությունները»: Ավելի մանրամասն, թե ինչու է Սերժ Սարգսյանը անփոխարինելի, խոսել է, օրինակ, Միհրան Հակոբյանը: Նա, Հրապարակ թերթին տրված հարցազրույցում, մասնավորապես, նշել է. «Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության միանձնյա առաջատարն է, բոլորի կողմից ընտրված եւ ընդունված, եւ չեմ կարծում, թե ՀՀԿ-ում կա որեւիցե մեկը, որը փորձում է կամ շանսեր ունի այս պահին հանրապետության ղեկավարի հետ մրցելու»... Որովհետեւ Սերժ Սարգսյանն ունի ամենամեծ փորձառությունը, ունի ամենամեծ իմաստությունը եւ ամենամեծ գիտելիքները պետական կառավարման գործընթացում։ Բայց երբ որ ասում են անփոխարինելի, դա անփոխարինելիության խնդիր չէ, տրվում է գնահատական, որ կա Հանրապետական կուսակցությունում, մեր հանրապետությունում մի մարդ, ով որ ունի հսկայական փորձ, ով որ ունի խնդիրները կարգավորելու մեծ իմաստնություն եւ խնդիրները կարգավորելու գործընթացները վարելու թերեւս ամենամեծ գիտելիքները»:

ԴԵՏԵԿՏՈՐԸ վերոնշյալ հայտարարությունները դիտարկում է որպես առաջնորդամոլության հակադեմոկրատական գաղափարախոսության անթաքույց պրոպագանդա: ԴԵՏԵԿՏՈՐԸ նաեւ արձանագրել է, որ հայտարարություններում առկա են պոպուլիզմի եւ պրոպագանդայի հիմքում ընկած այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝  ա) մեսիականությունը, բ) պնդումների կառուցումը բարոյականության հարթությունում, գ) էմոցիայի շահագործում հանրային վարք կամ դիրքորոշում ձևավորելու նպատակով դ) Երկխոսության բացառում:

ԴԵՏԵԿՏՈՐԸ, նախ, ուշադրություն է դարձնում այն փաստին, որ բոլոր հիմնավորումները որոնք ներկայացվել են ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեզի, իրականում, հիմնավորումներ չեն: Այսինքն, օրինակ, երբ հայտարարվում է, որ նա Հայաստանի «անթերի» եւ «ամենաիմաստուն» քաղաքական գործիչն է, ապա նույնիսկ փորձ էլ չի արվում նշել, թե ինչի՞ հիման վրա են արվում այս դատողությունները, օրինակ, ինչպե՞ս է ապացուցվում նրա անթերիությունն ու ամենաիմաստունությունը:

 ԴԵՏԵԿՏՈՐԸ տրված հետեւյալ գնահատականներում՝ «ուրիշ երկրորդ մարդ չկա»,  «իսկապես անփոխարինելի է», «ունի ամենամեծ իմաստությունը» հայտնաբերել է պոպուլիզմին բնորոշ այնպիսի տարր, ինչպիսին է մեսիականությունը: Փաստացի ակնարկվում է, որ ազգային խնդիրները կարող է լուծել բացառապես Սերժ Սարգսյանը, քանի որ նա օժտված է առանձնահատուկ որակներով:  Սերժ Սարգսյանը իշխող քաղաքական վերնախավի ներկայացուցիչների կողմից ներկայացվում է որպես ազգի միակ առաջնորդ: ԴԵՏԵԿՏՈՐԻ գնահատմամբ սա ոչ այլ ինչ է քան, առաջնորդամոլություն (Führerprinzip, вождизм): Նախկին Խորհրդային Միության տարածքում  առաջնորդամոլության դրսեւորումները տարածված են այնպիսի ավտորիտար երկներում, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը: Օրինակ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնական տիտղոսը՝ «ելբասի» է, որը կարելի է թարգմանել որպես «ազգի առաջնորդ», Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլիբերդի Մուհամեդովը կրում է «արքադագ» տիտղոսը, ինչը նշանակում է պաշտպան, հովանավոր (покровитель), իսկ Թուրքմենստանի նախկին նախագահ Նիյազովը կրում էր «թուրքմենբաշի»՝  թուրքմենների հայր եւ «սերդար»՝ առաջնորդ տիտղոսները, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը «փեշվոի միլլաթ»՝ ազգային առաջնորդ տիտղոսն է կրում: Փաստացի, հանրապետականներին կես քայլ է մնում, որ Սերժ Սարգսյանի համար մշակեն նմանատիպ մի տիտղոս:

Իշխող քաղաքական վերնախավի հայտարարություններում առկա է պոպուլիզմին բնորոշ մեկ այլ տարր՝ պնդումների կառուցում բարոյականության հարթությունում: Սերժ Սարգսյանը ներկայացվում է որպես «բոլորի կողմից ընդունված»,  «անթերի», ամենամեծ իմաստություն ունեցող առաջնորդ: Այսինքն փորձ է արվում հանրությանը համոզել, որ երկրի ղեկին նրա մնալը բարոյապես արդարացված է:

ԴԵՏԵԿՏՈՐԸ վերոնշյալ հայտարարություններում նաեւ հայտնաբերել է պրոպագանդիստական այնպիսի հնարք, ինչպիսին է՝ էմոցիայի  շահագործումը հանրային վարք կամ դիրքորոշում ձևավորելու նպատակով: Երբ ասվում է. «եթե ինձ կարենաք մի մարդու անուն ասել հանրապետության մեջ, բացի իրանից, որ Ալիևի կամ Ադրբեջանի հետ Արցախի հարցով կարենա բաներ տանի, ինձ ասեք» ապա սրանով տագնապ է առաջացվում, որ եթե այլ մարդ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, ապա մենք կարող ենք տանուլ տալ Ադրբեջանի հետ հակամարտությունում, Արցախի հարցը հայանպաստ լուծում չի ստանա:

Բոլոր հայտարարություններում ԴԵՏԵԿՏՈՐԸ տեսնում է պրոպագանդայի հիմքերից մեկը հանդիսացող եւս մի տարր՝ երկխոսության բացառումը: Հայտարարությունների տոնայնությունը եւ ոճը («ուրիշ երկրորդ մարդ չկա», «կյանքը ապացուցել է», «իրենից ավելի լավ, մեր կարծիքով, ոչ մեկ չի կարող իրականացնել քաղաքական լիդերի պարտականությունները») ցույց է տալիս, որ հանրապետականների տեսակետից Սերժ Սարգսյանի անփոխարինելիության հարցը ենթակա չէ քննարկման:

Նաեւ ցանկանում ենք նշել, որ հանրապետականների խոսքերից ստացվում է, որ մարդը չպետք է լքի երկրի ղեկավարի պաշտոնը, քանի որ իրենից բացի ոչ ոք չի կարող ունենալ այն փորձառությունը եւ գիտելիքները, որը կարող է ունենալ միայն երկրի ղեկավարի պաշտոնում գտնվող անձը: Այսպիսի մոտեցումը ուղղակիորեն հակասում է իշխանությունների փոփոխելիության դեմոկրատական սկզբունքին: Եթե նույնիսկ ընդունենք, որ Սարգսյանը իրոք մրցակցությունից դուրս է, որ չկա նրան մրցակից, ինչպես նշում են հանրապետականները, ապա այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում. ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանում չկա նրան մրցակից, ինչպե՞ս, որտե՞ղ եւ ե՞րբ պետք է ձեռքբերվի այն անհրաժեշտ փորձը, գիտելիքը, որը կարող է որեւէ անձի մրցակից դարձնել Սերժ Սարգսյանին, ե՞րբ եւ ի՞նչպես է Սերժ Սարգսյանը դարձել անփոխարինելի, դա ի՞նչ է՝ ի ծնե՞ է, Արարի՞չն է նրան այդպիսին դարձնում: Եթե ոչ, եթե պատասխանն այն է, որ ժամանակի հետ մեկտեղ է նա ձեռք բերել անհրաժեշտ փորձն ու գիտելիքները, ապա ինչպե՞ս է ստացվել, որ հենց միայն ինքն է այդ ամենը ձեռք բերել Հայաստանում: Փաստացի հայտարարվում է, որ այսօր, հայաստանյան հասարակությունում չկա երկիրը պատշաճ կերպով ղեկավարելու ունակ որեւէ մեկը, բացի Սարգսյանից: Ի դեպ, հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, դա է ակնարկում tert.am–ում տեղադրված նրա մեկնաբանության մեջ, երբ նշում է, որ ավելի շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին երկրի ղեկավարման ողջ փորձը փոխանցելու գործին եւ որ բոլորը անելիք ունեն քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում[7]: ԴԵՏԵԿՏՈՐԸ գտնում է, որ եթե առաջնորդամոլության այս յուրօրինակ պրոպագանդային դիմադրություն չցուցաբերվի, ապա այն է՛լ ավելի է հեռացնելու մեզ դեմոկրատական երկիր կառուցելու հեռանկարից:

 

Հեղինակ՝ Էդգար Վարդանյան