ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Վճռի հետևանքները հանրությանը աղավաղված ներկայացնելը
  • Վճռի հետևանքները ցանկալի պատճառահետևանքային կապով ներկայացնելը
  • Կեղծ եզրահանգում

 


Նախորդ տարվա նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացրած՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը և գործը կրկին ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրեսնգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է. «Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի (ինչպիսին  է նաև  խափանման միջոցի վերաբերյալ գործըՏ.Ղվերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

Մայիսի 7-ին Սահմանադրական դատարանը, Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշում կայացրեց: Որոշման եզրափակիչ մասում ՍԴ-ն արձանագրեց.  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է»:

Նույն օրը Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է հետևյալը. «Սահմանադրական դատարանի այս որոշմամբ՝ Վճռաբեկ դատարանի նոյեմբերի 15-ի որոշումը ենթակա է վերանայման: Սա ուղղակիորեն արձանագրվել է: Այլ կերպ ասած՝ արդար դատաքննության իրավունքի խախտման հետ գործ ունենք այս դեպքում, որ Վճռաբեկը չէր կարող անել այն, ինչ արեց: Տեսեք, Վճռաբեկի որոշումից հետո Վերաքննիչ քրեական դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, թողեց անփոփոխ: Դրանից հետո կալանավորելու բոլոր որոշումները վերաբերում էին կալանքը երկարացնելուն, բայց ստացվում է այդ երկարաձգելու հիմքը խնդիր ունի, քանի որ Վճռաբեկը չէր կարող այն բեկանել»: Վարդևանյանը նմանատիպ միտք հնչեցրել է նաև մայիսի 10-ին տված մեկ այլ հարցազրույցի ընթացքում. «Բոլոր կալանավորումները, որոնք նոյեմբերի 15-ի որոշումից հետո կայացվել են (բոլորն ունեն նույն հիմքը. Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ Վճռաբեկի բեկանման հիմքի վրա), դուրս է գալիս, որ հիմքի խնդիր ունեն»:

ԴԵՏԵԿՏՈՐԸ փաստաբան Վարդևանյանի խոսքում հայտնաբերել է «իրավական հիմքերն աղավաղելու» մանիպուլյացիան, ինչպես նաև «կեղծ նախադրյալների վրա եզրահանգում կատարելու» տրամաբանական սխալը:


Հիմնավորում

 

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում»: Իրավանորմի տառացի մեկնաբանությունից բխում է, որ Սահմանադրական դատարանը գործը քննում է դիմումի իրավաբովանդակության շրջանակներում:

Քոչարյանը Սահմանադրական դատարան դիմել է կոնկրետ նորմի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու խնդրով: Այսինքն՝ նա վիճարկել է ոչ թե վճռաբեկ դատարանի կողմից Ազարյանի որոշումը բեկանելու հիմքերը, այլ այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը, բեկանելուց հետո, խափանման միջոցի վերաբերյալ հարցը չի լուծել և գործը կրկին ուղարկել է Վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ Վճռաբեկ դատարանը պետք է քննի և լուծի խափանման միջոցի վերաբերյալ հարցը, կայացնի վերջնական ակտ, այդուհանդերձ ՀՀ Վճռաբեկ դատարանը, նախադեպային որոշումներով ձևավորել է 419-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանման և կիրառման պրակտիկա, ըստ որի՝ Վճռաբեկ դատարանը նման գործերը կարող է  կրկին ուղարկել քննության՝ չկայացնելով վերջնական դատական ակտ:

Ռ. Քոչարյանի դիմումով, ըստ էության, վիճարկվում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվող հենց այդ պրակտիկան, ինչը և Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրության օրինականության սկզբունքին հակասող :

Այսպիսով՝  կարելի է պնդել.

1. Սահմանադրական դատարանում քննության առարկա չի դարձել դատավոր Ազարյանի որոշման՝ Վճռաբեկ դատարանի կողմից բեկանման հիմքերը, քանի որ նմանատիպ դիմում չի ներկայացվել: Ուստի՝ ձևակերպումը, թե «Վճռաբեկ դատարանի որոշմանը հաջորդող որոշումները հիմքերի խնդիրներ ունեն/անհիմն են»՝ սխալ եզրահանգում է և չի բխում Սահմանադրական դատարանի որոշումից:

2. Սահմանադրական դատարանն ընդամենը արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանը, Ազարյանի որոշումը բեկանելուց հետո, «ինքնուրույն» պետք է որոշեր խափանման միջոցը փոփոխելու հարցը և չուղարկեր Վերաքննիչ քրեական դատարան՝ կրկին քննության: Ուստի՝ ձևակերպումը, թե «Վճռաբեկ դատարանը, չկայացնելով վերջնական դատական ակտ, իրավական «խնդիրներ»  է ստեղծել մյուս՝ կալանավորման/կալանքի երկարաձգման որոշումների հիմքերի առումով»՝ չի բխում ՀՀ օրենսդրությունից, ինչպես նաև Սահմանադրական դատարանի որոշումից:

Այս ամենը, իհարկե, լավ գիտակցում է իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը: Սակայն, աղավաղված և ցանկալի պատճառահետևանքային կապի շրջանակներում ներկայացնելով Սահմանադրական դատարանի վճռի իրավական հիմքերը, փորձում է մանիպուլյացիայի և կեղծ եզրահանգումների միջոցով հասարակության մեջ ձևավորել թյուր կարծիք, թե դատավոր Ազարյանը իրավական առումով ճիշտ էր, երբ խափանման միջոցի հարցը լուծեց «հօգուտ» Քոչարյանի՝ հղում անելով վերջինիս սահմանադրական անձեռնմխելիությանը, իսկ մնացած դատավորները իրավական առումով խնդրահարույց գործողություններ են կատարել՝ ինչը, համաձայն Սահմանադրական դատարանի որոշման, դառնալու է վերանայման առարկա:

Իրականում, «Քոչարյանի գործով» Քոչարյանի փաստաբանի նմանօրինակ կեցվածքը չի կարող նպաստել այդ գործով՝ հանրության կողմից Քոչարյանի փաստարկները լսելուն, քննարկելուն և դրա շուրջ բանավեճ ծավալելուն, ընդհակառակը՝ այդ գործով Քոչարյանի և իր փաստաբանների կողմից իրականացվող յուրաքանչյուր մանիպուլյացիա ավելի է խորացնում Քոչարյան-հասարակություն անտագոնիզմը և չհասկացվածության անջրպետը:

 

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

31-05-2019