«ATTACKER-ATTACKED REVERSAL» ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔԸ Հ1-ի ՌԵՊՈՐՏԱԺՈՒՄ. Էդգար Վարդանյան

...

Բաղադրություն

  • Կիսաճշմարտություն
  • Խնդրի էության աննկատ խեղաթյուրում
  • Անվտանգության թեմայի շահարկում
  • Տուժողին որպես ագրեսոր ներկայացում

«ATTACKER-ATTACKED REVERSAL[1]» ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔԸ Հ1-ի ՌԵՊՈՐՏԱԺՈՒՄ

 

 

 

 

Թե ինչպիսին է այսօր Հանրային հեռուստատեսության քաղաքական միջոցառումների լուսաբանման բովանդակությունը եւ ոճը, լավագույնս ցույց է տալիս «Երկիր Ծիրանի» խմբակցության` կոյուղաջրով ակցիայի մասին պատմող Հ1-ի ռեպորտաժը[2]։

Նախ, պետք է արձանագրել, որ ընդդիմադիր ֆրակցիայի քաղաքական ակցիան Հ1-ի կողմից ոչ թե անուշադրության մատնվեց, ինչպես դա կարվեր, օրինակ, հարեւան Ադրբեջանում, այլ` լուսաբանվեց։ Սակայն, այն, թե ինչպես լուսաբանվեց, առաջացնում է բազմաթիվ հարցեր։ ԴԵՏԵԿՏՈՐԸ կետ առ կետ ներկայացնում է ռեպորտաժի խնդրահարույց մասերը եւ ցույց տալիս, որ լուսաբանումը լի էր քարոզչական հնարքներով, հավասարակշռված չէր եւ համարժեք չէր միջադեպին։

1 Երկիր Ծիրանի խմբակցության ակցիայի մասին պատմող ռեպորտաժը այնպես էր մոնտաժված, որ նախ՝ լավ չէր երեւում, թե խմբակցության ներկայացուցիչն ի՞նչ պայմաններում ապտակեց ՀՀԿ ներկայացուցիչներից մեկին, ինչը չափազանց կարեւոր է։ Համացանցում տարածված տեսանյութերում հստակ երեւում է, որ նա ապտակեց այն բանից հետո, երբ ՀՀԿ-անի ձեռքը հպված էր ԵԾ-ի ավագանու ներկայացուցչի կրծքին։

2 Հ1-ի ռեպորտաժում բացակայում էին շատ կարեւոր եւ իրավիճակը բնորոշող դրվագներ, օրինակ, այն հատվածը, երբ մեկ այլ ՀՀԿ-ան կոպտորեն քաշում էր Երկիր Ծիրանի ներկայացուցչի մազերից։

3 Հ1-ի ռեպորտաժը, թեեւ զերծ էր լրագրողի գնահատողական դատողություններից, սակայն, այն հավասարկշռված չէր եւ կողմնակալ էր։ Ռեպորտաժը հագեցած էր հիմնականում ՀՀԿ-անների կողմից Երկիր Ծիրանի ֆրակցիայի ակցիայի վերաբերյալ խիստ քննադատական խոսքերով։ Ռեպորտաժի տեքստը համարժեք չէր իրականությանը, օրինակ, ներկայացված չէին Երկիր Ծիրանի խմբակցության ներկայացուցիչների նկատմամբ իրականացրած  ֆիզիկական բռնության փաստը,  ակցիայի մասնակիցների բողոքները դրա մասին։ Ռեպորտաժում բացակայում էր ՀՀԿ ներկայացուցիչների կողմից գործադրված բռնությունը մատնանշող եւ դատապարտող հայտարարությունները։

4. Ռեպորտաժի վերնագիրն էր՝ «Գարշահոտ սկանդալ» քաղաղաքապետարանում»։ Այն ոչ մատնանշում էր ակցիայի բուն փաստը, ոչ էլ արտահայտում էր ակցիայի նկատմամբ ՀՀԿ ներկայացուցիչների վերաբերմունքը, այն է՝ ակցիայի մասնակիցների նկատմամբ իրականացված բռնությունը:

5 Ռեպորտաժում ասվում էր, որ «քաշքշուկ» է եղել եւ սա կենտրոնական բառն է, սա «շրջանակ» է (frame)՝ այն կոչված է հեռուստադիտողի մոտ ձեւավորել պատկերացում, որ եկրու կողմերի միջեւ ֆիզիկական բախում է եղել, այլ ոչ թե Երկիր Ծիրանի խմբակցության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն է իրականացվել, եւ ներկայացված կադրերը այնպես են մոնտաժվել, որ տեղի ունեցածը զուտ քաշքշուկի նման երեւա։

6 Ռեպորտաժում կրկին ուշադրություն է դարձվում  «անտանելի հոտին» (չեզոք ականատեսների վկայությամբ հոտն իսկապես անտանելի է եղել) եւ  անմիջապես ասվում է, որ «դահլիճից ակցիայի նախաձեռնող կանանց դուրս հանեցին» որպեսզի հեռուստադիտողը դահլիճից դուրս հանելը արդարացված միջոց համարի։ Իրականում, բռնություն գործադրելով, ակցիայի մասնակիցներին դուրս հանեցին այն պահին, երբ նրանց ձեռքում արդեն  չկային կոյուղաջրով սրվակներ, եւ դահլիճից նրանց դուրս բերումը որեւէ կերպ չէր կարող վերացնել այդ «անտանելի հոտը»։

7 Ռեպորտաժի վերջում երկու անգամ օգտագորվում է «անվտանգություն» ֆրեյմը, նախ՝ փոխքաղաքապետի դատապարտող խոսքերի միջոցով, ապա՝ նշելով քաղաքապետի կարգադրությունը, որով պետք է խստացվի քաղաքապետարան մուտքի անվտանգությունը։ «Անվտանգություն» ֆրեյմի օգտագործումը կոչված է անհանգստություն առաջացնել հեռուստադիտողի մոտ եւ նրա մոտ ձեւավորել պատկեր, որ ընդդիմադիր խմբակցությունը վտանգում է «անվտանգությունը»։

8 Ռեպորտաժը եզրափակվում է նրանով, որ միջադեպից վատացել է Մարտին Վարդազարյանը։ Նման կերպ ռեպորտաժն ավարտելը կոչված է հեռուստադիտողի մոտ ամրապնդել ողջ ռեպորտաժի ընթացքում առաջ քաշվող գաղափարը, որ ԵԾ-ի ակցիան հակահիգիենիկ, առողջությանը վնաս հասցնող գործողություն էր։

Հարկ է նաեւ ավելացնել, որ ռեպորտաժին նախորդեց ԵԾ ակցիան դատապարտող քաղաքապետարանի հայտարարությունը, իսկ բռնությունները դատապարող որեւէ հայտարարություն, որոնցով հագեցած էին սոցիալական ցանցերն ու համացանցային մամուլը՝ չներկայացվեց։

ԴԵՏԵԿՏՈՐ-ը արձանագրում է, որ Հ1-ի ռեպորտաժում փաստացի իրականացվեց դասական «attacker-attacked reversal»  քարոզչական հնարքը, երբ հարձակման ենթարկվողը ներկայացվում է որպես հարձակվող, իսկ հարձակվողը՝ որպես հարձակման ենթարկված։

 

Հեղինակ՝ Էդգար Վարդանյան

 

 

 

 



[1] «attacker-attacked reversal»  քարոզչական հնարքի մասին տես՝ https://www.talkdecoded.com/blog/2016/10/6/mighty-words-hungarys-great-anti-migrant-campaign

[2] http://www.1tv.am/hy/program/videos/%D5%95%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3#video86065-%D5%95%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3 21:00